2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Ախթալայի» կոմբինատին ահռելի վնասի համար չնչին տուգանք են նշանակել․ «Ժողովուրդ»

Տևական ժամանակ է, ինչ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ կրքերը չեն հանդարտվում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը «Չնչին տուգանք ահռելի վնասի համար» հոդվածում՝ ընդգծելով, որ բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնում «Ախթալայի ԼՀԿ»-ում։

Օրաթերթը բնապահպանության նախարարությունից տեղեկացել է, որ ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչի համար էլ «Ախթալայի ԼՀԿ»-ն տուգանվել է։

Նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ստուգել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքը։ Արձանագրվել են բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 300 հազար դրամի չափով, իսկ շրջակա միջավայրի աղտոտման և տրված չափաքանակից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5․19 մլն․ դրամի վնասի վերականգման ակտ։ Միաժամանակ ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական։

Այսինքն, գրում է «Ժողովուրդ»-ը, ԲՆ-ն բավարարվել է օրինախախտ ընկերությանը միայն 300 հազար դրամի չափով վարչական տուգանք նշանակելով և պարտադրել բնությանը պատճառված 5․19 մլն․ դրամի վնասը վերականգնել։

«Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ն գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո։ Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է», ֊ գրում է օրաթերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում