Home / Տեսանյութեր / Բռնության ենթարկված սևազգեստ մայրերը կարող են դիմել ՄԻԵԴ․ իրավապաշտպան

Բռնության ենթարկված սևազգեստ մայրերը կարող են դիմել ՄԻԵԴ․ իրավապաշտպան

Զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ նախագահական նստավայրի դիմաց ոստիկանության կիրառած ուժի հարցով քննությունը ՀՔԾ֊ում անիմաստ է, քանի որ դեպքի մասին իր դիրքորոշումն արդեն հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ճնշում գործադրելով ՀՔԾ֊ի վրա։ Epress.am֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։   

Կոստանյանը, անդրադառնալով միջադեպին, մայիսի 20-ին ԱԺ֊ում, մասնավորապես, ասել էր, որ հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառում, դա արդեն հանցագործություն է։ «Այդպես չէ։ Ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում ոստիկանությունն այն եզակի կառույցներից մեկն է, ով օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու»։

«Նա հրապարակայնորեն արտահայտել է այդ դիրքորոշումը, իսկ դատախազը, ի վերջո, ի պաշտոնե պետք է իրականացնի գործի հսկողությունը։ Այդ մարդիկ արդեն արդյունավետ պաշտպանության միջոց  չունեն։ Դատարան դիմելն էլ անիմաստ է։ Կարող են դիմել ՄԻԵԴ»,֊ ասել է Զեյնալյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ նախագահական նստավայրի մոտ ակցիա անցկացնող մայրերի նկատմամբ բռնություն կիրառելը խախտել է նրանց՝ հավաքներ անելու իրավունքը, որի բովանդակության մաս է կազմում այն, որ բողոքը պետք է լինի տեսանելի և լսելի վայրում։

«Եթե ասում են՝ թող դիմացի մայթին անեին հավաքը, կարող են ակցիա անողներին բողոքի համար տրամադրել, օրինակ, «Հրազդան» մարզադաշտը։ Եթե ակցիան տեսանելի ու լսելի չէ, ապա ձևական բնույթ է կրում»,֊ ասել է Զեյնալյանը։

Զեյնալյանը հիշեցրել է, որ զոհվածների մայրերի ակցիան կրում էր բացառապես խաղաղ բնույթ։   

Tekali Taxi