Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և ընդհանրապես՝ արտարժույթի շուկայում, դրամը կտրուկ արժևորվել է։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Թե որն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժևորվելու պատճառը պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում՝ արժեզրկմա՞ն, թե՞ արժևորման: Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդկանց որոշակի խումբ դրանից մեծ օգուտներ քաղեց, իսկ բնակչության մի ստվար հատվածի մոտ եկամուտները նվազեցին», ֊ գրում է «ՀԺ»֊ն:
Թերթը հիշեցնում է, որ Արժույթի միջազզային հիմնադրամը վերջերս հորդորել է ՀՀ կենտրոնական բանկին թույլ չտալ դրամի արժևորում և օգտվելով սեզոնային գործոններից շուկայից դոլար գնել և համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի:
«Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերևս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը», – հավելում է թերթը։