Home / Հայաստան / Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նրա ծառայակցին մեղադրանք է առաջադրվել

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նրա ծառայակցին մեղադրանք է առաջադրվել

Մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղում հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակից, ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։ Այս մասին հայտարարում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հարությունյանին մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով) և 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից)։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննիչները պարզել են, թե Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիրավորել և բռնություն է գործադրել Համբարյանի նկատմամբ։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Հիշեցնենք, որ, նախնական վարկածի համաձայն, Համբարյանը ինքնասպանություն է գործել։ Իրավապաշտպանների հետ զրույցի ժամանակ Համբարյանի հարազատները նշել են, որ ինքնասպանության վարկածին չեն հավատում։

Tekali Taxi