Այսօր՝ մայիսի 27֊ին, Ազգային Ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հարցրել են, թե ինչու օմբուդսմենի գրասենյակը չի զբաղվում օդաչուների, տաքսիների վարորդների, նաիրիտցիների, և բողոքի ակցիաներ անցկացնող նման այլ խմբերի սոցիալական և աշխատանքային իրավունքներով։
Կարեն Անդրեասյանը պատասխանել է, որ ինքը Հայաստանում տեսնում է բիզնես օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտություն, քանի որ իր գրասենյակի ռեսուրսները չեն բավարարում այդ բոլոր հարցերով զբաղվելու համար։
Օմբուդսմենի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակը ոչ թե չի զբաղվում, այլ՝ չի հասցնում այդ խմբերի հարցերին լուծում տալ, քանի որ դրանցով զբաղվում է միայն օմբուդսմենի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ իրենց արագ արձագանքման խումբը միշտ մեկնում է դեպքի վայր, երբ որոշակի խմբեր ակցիաներ են անցկացնում, և փորձում է ապահովել ակցիայի ժամանակ նրանց իրավունքների իրականացումը․ իրավական լուծումները, սակայն, ուշանում են։
Անդրեասյանը հիշեցրել է, որ իրենց գրասենյակը կարողացել է հաջողությամբ իրավական լուծումների առաջարկություններ անել հղիների նպաստի օրենքի վերաբերյալ։