Home / Տեսանյութեր / «Դիլիջանը որպես կալվածք՝ Ռուբեն Վարդանյանին»․ հարկային արտոնություններ՝ «անհայտ» ներդրողներին

«Դիլիջանը որպես կալվածք՝ Ռուբեն Վարդանյանին»․ հարկային արտոնություններ՝ «անհայտ» ներդրողներին

Կառավարությունն առաջարկում է Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և այնտեղ ներդրումների խրախուսման մասին նախագիծ ընդունել, որով հարկային արտոնություններ կստանան այդ տարածքում գործող ներդրումային ընկերությունները:

Նախագիծը ԱԺ-ում այսօր ներկայացրել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ մի շարք արտոնությունների թվում Կառավարությունն առաջարկում է ներդրողի կողմից ներմուծված ապրանքներն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։

Բացի դա, նախագծով առաջարկվում է այդ տարածքում արտադրություն հիմնած ընկերություններին ազատել շահութահարկից, այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ընկերութուններին, իսկ ֆիզիկական անձ֊ներդրողների կողմից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում նրանց ազատել եկամտահարկից: Տերտերյանը բացատրել է, որ այժմ իրենք նախատեսում են հարկային արտոնություն տալ դեռևս չեղած բիզնեսի համար: 

«Այսինքն՝ ակնկալում ենք, որ այս արտոնությունների դեպքում կառաջանա հետաքրքրություն»,-ասել է նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է Տերտերյանին, որ հնարավոր ներդրումների առումով «իլյուզիաներ շատ ենք ունեցել»։

«Գյումրին դարձնել մշակութային կենտրոն, Ջերմուկը դարձնել չգիտեմ ինչ: Այծի պանիրը դարձնել Շանելին հավասար բրենդ: Բա որ այդ արտոնությունները տվեցինք, ներդրումները չեղա՞ն: Ո՞վ է պատասխանատու լինելու՝ արվեցին այս ներդրումները, թե ոչ», – հարցրել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Փոխնախարարն ասել է, որ Ջերմուկում և Գյումրիում աշխատանքները ծավալվում են, իսկ Դիլիջանից սպասելիքները մեծ են: Տերտերյանը նշել է նաև, որ Դիլիջան ասելով՝ հասկանում են համայնքի վարչական տարածքը խոշորացումից հետո, որի մեջ մտնում են Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները, նաև «Դիլիջան ազգային պարկի» տարածքը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս օրինագիծը հակաօրինական է: Նա նշել է, որ այդ ներդրողը ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանն է լինելու։

«Սա օրենքի նախագիծ է Դիլիջանը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ինտելեկտուալ ծրագրերին, որ նա իրականացնում է, բայց սա ինձ համար նույն երևույթի շարունակություն է, թե Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը կտանք Հովիկ Աբրահամյանին և նրա ընտանիքին, Մալաթիա Սեբաստիան կտանք Սամվել Ալեքսանյանին, Աբովյանը կտանք Գագիկ Ծառուկյանին: Կառավարությունը պետական կարգին դեմ նախագիծ է բերել»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրն է։ 

Լուսանկարում՝ Ռուբեն Վարդանյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում

Tekali Taxi