Home / Տեսանյութեր / «Նաիրիտի» իրավաբանը թույլ չտվեց տեսագրել գործարանի սնանկության հայցով նիստը

«Նաիրիտի» իրավաբանը թույլ չտվեց տեսագրել գործարանի սնանկության հայցով նիստը

«Նաիրիտի» փաստաբանը դեմ էր, որպեսզի լրագրողները տեսագրեն գործարանի սնանկության հայցով դատական նիստի ընթացքը։ Նրան նաև դուր չի եկել, որ նախկին նաիրիտցիները եկել են աջակցելու գործարանին։

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ» ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով երկրորդ դատական նիստը: Հայցը ներկայացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որին «Նաիրիտը» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ: Այսօր դատարան էին եկել ընկերության նախկին աշխատակիցները: Նրանք ցանկանում էին իրենց աջակցությունը հայտնել գործարանին, ամեն ինչ անել, որպեսզի «Նաիրիտը» սնանկ չճանաչվի։ Այդ դեպքում, ըստ նախկին աշխատակիցների, կպահպանվի գործարանը վերագործարկելու հնարավորությունը։

«Նաիրիտ» ընկերության իրավաբան Արմեն Աբովյանին, սակայն, դուր չի եկել, որ նախկին աշխատակիցները եկել են դատարան:

«1700 նախկին աշխատակից կա, ասեք թող բոլորն էլ գան դահլիճ», ֊ հեգնանքով ասել է Աբովյանը: Նա մոտեցել է նաև լրագրողներին և խնդրել նրանց «դահլիճ չգալ և չխանգարել»: Աբովյանի հորդորին հակառակ՝ լրագրողները մասնակցել են դատական նիստին: Այնուամենայնիվ, փաստաբանը միջնորդել է թույլ չտալ լրագրողներին նկարահանել՝ պատճառաբանելով, թե ինքը նպատակահարմար չի գտնում տեսագրելը։

Դատավոր Չիչոյանը կողմի միջնորդությունը բավարարել է: Արմեն Աբովյանը նաև խնդրել է դատարանին երկար ժամանակով հետաձգել գործի քննությունը:

«Բանակցություները ՀԷՑ-ի հետ դեռ ընթանում են: Կարող է կողմերի միջև հաշտություն կնքվի և պարտքի անվճարելիության հարցը հարցը վերանա: Խնդրում եմ մինչև տարվա վերջ հետաձգել դատական նիստը», – ասել է «Նաիրիտի» ներկայացուցիչը:

Դատավորի հարցին, թե արդյոք հնարավոր է գործարանի կողմից պարտավորությունների կատարում՝ Աբովյանը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ «Նաիրիտի» ակտիվներն ավելի քան 75 միլիարդ դրամ են գնահատվում, իսկ պարտքը՝ ընդամենը 1 միլիարդ:

Դատարանը բավարարել է միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 18-ին:

Նիստի ավարտին, երբ բոլորը դուրս են եկել, կարգադրիչները փակել են դահլիճի դուռը և Աբովյանն ու դատավոր Չիչոյանն առանձազրույց են ունեցել: Մի քանի րոպե անց դահլիճից դուրս գալով՝ Աբովյանը լրագրողներին նախ ասել է, որ հարցերին կպատասխանի «Նաիրիտ» գործարանի տարածքում, հետո համաձայնել է խոսել, բայց ոչ տեսախցիկների առջև:

Թե ինչու է ինքը դեմ նիստի հրապարակայնությանը, Աբովյանը պատասխանել է․ «Դա իմ իրավունքն է»:  

Tekali Taxi