Home / Հայաստան / Աշտարակի ճանապարհին անվադողեր են այրել․ քասախցիները պահանջում են լուծել տրանսպորտի հարցը

Աշտարակի ճանապարհին անվադողեր են այրել․ քասախցիները պահանջում են լուծել տրանսպորտի հարցը

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում․ մի տղամարդ անվադողեր և քարեր է շարել ու փակել ճանապարհը, որից հետո անվադողերն այրել է, ինչի պատճառով երթևեկությունը դադարեցվել է, հայտնում է Shamshyan.com կայքը:

Քասախ գյուղի բնակիչ, 28-ամյա ուսանող Վիգեն Դավթյանն իր քայլը պատճառաբանել է նրանով, թե պատկան մարմիններին, մասնավորապես, Կապի և տրանսպորտի նախարարությանը՝ հանձինս նախարար Գագիկ Բեգլարյանի, բազմիցս դիմել է, որպեսզի կարգավորվի գյուղի տրանսպորտի խնդիրը, սակայն հարցը լուծելու փոխարեն Բեգլարյանն, իր վրայից պատասխանատվությունը գցելով, ամեն անգամ նամակը հասցեագրում է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ նրա մատնանշած վարչական տարածքում տրանսպորտի հարցը պետք է կարգավորի Կապի և տրանսպորտի նախարարությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը, քանի որ Քասախ գյուղը գտնվում է Կոտայքի մարզի տարածքում։

«Հոկտեմբերյանում (Արմավիր) գյուղացիներն իրենց խնդիրը լուծելու համար ճանապարհը փակեցին, հարցը լուծվեց: Ես էլ մտածում եմ, որ էսպես անեմ, խնդիրը կլուծվի: Ճանապարհի վրա բերել, սգո սրահ են բացել ու ամեն անգամ նման արարողություններ կատարելու ժամանակ երթևեկությունը կաթվածահար է լինում, մի տրանսպորտը քիչ ա, ուզում ենք ավելացվի, մինչդեռ կապի նախարարը իրա վրից քցում ա խնդրի լուծման մեր առաջարկները ու փորձում ա լափշա կախել մեր ականջներից»,֊ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել է Դավթյանը։

Գյուղացիները ֆոտոլրագրողին ասել են, որ տրանսպորտի խնդիրը հուզում է ողջ գյուղին։

«Վիգենը մեղք չունի: Ստիպված է դիմում ծայրահեղ այդ քայլին: Էդ պրոբլեմները ողջ գյուղի պռոբլեմներն են, մինչդեռ կապի նախարարը մի դուզ գունի պատասխան չի տալիս: Խելքը գլխին պատասխան ստացել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, ով մի քանի անգամ ընդունել է մեզ, ծանոթացել մեր խնդիրներին ու տվել սպառիչ պատասխան, իսկ կապի նախարարությունը ջայլամի քաղաքականություն ընդունելով՝ հարցը չի փորձում կամ չի ուզում լուծել: Լավ է, եղվարդցի ոստիկանները շուտ էկան, Վիգենին հանգստացրեցին, թե չէ խեղճ տղեն տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ»:

Կայքը նշում է նաև, որ մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն իրենց ուժերով մարել են հրդեհը։  

Նշենք, որ Քասախից Երևան ընդամենը մեկ երթուղային է գործում՝ 37 համարը, որը Մալաթիայից հասնում է գյուղի կենտրոն։ Երևանի մոտ գտնվող գյուղում բազմաթիվ ուսանողներ կան, ովքեր դժվարությամբ են կարողանում մայրաքաղաք հասնել տրանսորտի ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի դա, Երևանի կենտրոն հասնելու համար նրանք ստիպված փոխում են երթուղայինը։

Tekali Taxi