Գլխավոր / Տեսանյութեր / Բողոքներից հետո եկեղեցու կայքը փոխեց հայ քահանայի գրառումը եզդիների մասին

Բողոքներից հետո եկեղեցու կայքը փոխեց հայ քահանայի գրառումը եզդիների մասին

Եզդիական համայնքի և հասարակական կազմակերպությունների դժգոհություններից հետո Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի պաշտոնական էջից՝ qahana.am-ից, հեռացվել է գրառումն այն մասին, թե եզդիական սրբավայրում սատանայի արձաններ են դրված և եզդիները արևապաշտ են։

Խնդրահարույց գրառումն արվել էր Տեր Եսայի քահանա Արթենյանի (լուսանկարում) անունից «Հարցեր քահանային» էջում։

«Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ» հարցին ի պատասխան՝ քահանան գրել էր․ «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է: Աղոթում են արևին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»:

Նման ձևակերպումների դեմ, մասնավորապես, բողոքել էին «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ֊ի նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին։

Այսօր փոխված մեկնաբանության մեջ qahana.am֊ը հանել է արևապաշտության և սատանայի արձանի մասին հատվածը, իսկ տեղեկատվությունը նույն քահանայի անունից վերաշարադրված է հետևյալ կերպ․

«Եզդի ազգի կրոնը միաստվածական դավանական համակարգ է: Իրենց կրոնը կոչվում է Շարֆադին: Իրենց կրոնի մեջ, Աստծուց հետո առկա է Տաուսե Մալաքի կերպարը, որը Շարֆադին կրոնում հանդես է գալիս որպես հրեշտակապետ: Արևն իրենց կրոնական համակարգի սիմվոլներից մեկն է, որը խորհրդանշում է Շամս հրեշտակին: Շարֆադին կրոնում չկա չար հրեշտակ, բարին ու չարը գալիս են մարդուց և չկա Աստծուց ավելի բարձր զորություն։

Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ:

Այլ ազգի ներկայացուցիչը չի կարող ընդունել Շարֆադին կրոնը, այն միայն ազգությամբ եզդիների համար է: Եզդի ազգի կրոնն էլ արգելում է, որպեսզի եզդին ամուսնանա այլ ազգի ներկայացուցչի հետ»։

Epress.am-ի հետ զրույցում Բորիս Մուրազին ասել է, որ տվյալ ձևակերպման մեջ սխալ չկա։