Home / Հայաստան / Ուղևորություն Երևան․ Հայաստանը կփոխեն կանայք

Ուղևորություն Երևան․ Հայաստանը կփոխեն կանայք

Ո՞վ է ապրում Երևանում

Առաջին օրվա ամենաուժեղ տպավորությունը՝ թվում է, թե քաղաքի փողոցներում գոյություն ունի միայն մի լեզու ու արտաքին տեսքի միայն մի նախատիպ։ Հայաստանը միազգ երկիր է․ վիճակագրության համաձայն, դրա բնակչության ավելի քան 97%֊ը զտարյուն հայեր են։ Երևանի փողոցներում եզակի զբոսաշրջիկները միանգամից աչքի են ընկնում։ Օտարերկրացիների հանդեպ թշնամանք չկա, բայց հեռավորություն պահում են․ հասկացա, որ քաղաքի ներքին կյանք կարելի է ներխուժել միայն հայաստանցի ընկերների միջոցով։

Քաղաքային միջավայրի միատարրությունն այնքան անսովոր էր, որ անմիջապես ցանկություն էր առաջանում հարցնել՝ «Իսկ հայերից բացի, Հայաստանում է՞լ ով է ապրում»։ Պարզվեց, կան սակավաթիվ ու օտարների հետ շփումների համար փակ քրդական, եզդիական, ասորական, հունական և մոլոկանական համայնքներ։ Հայաստանցի ծանոթներիցս որևէ մեկն ընկերական կամ մասնագիտական կապեր չուներ տվյալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։

01_persi

Փողոցային ամբոխն ինձ համար ավելի բազմազան դարձավ, երբ սովորեցի տեղացիներին տարբերել Հայաստանի հիմնական տուրիստներից՝ իրանցիներից։ Հայերը կիսազզվանքով նրանց անվանում են «պարսիկներ» ու ասում, որ նրանք «գալիս են Հայաստան թուլանալու՝ հարբելու ու աղջիկ կպցնելու»։ Ամեն երեկո «պարսիկների» խմբերը հավաքվում էին Հանրապետության հրապարակում՝ զմայլվելու երգող շատրվաններով։ Նրանց մեծամասնությունը հեշտ էր շփման գնում, ու ստացվեց այնպես, որ Երևանում առաջին օրերին նկարեցի տասնյակ իրանցիների ու իրանուհիների։

02_pers

«Թուրքը մնում ա թուրք»

Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ մարդիկ միմյանցից օտարված են, հայաստանյան հասարակությունում արմատացած են փոխադարձ աջակցությունն ու վերահսկողությունը։ Այն միտքը, որ հայաստանյան պետությունը մի միասնական հայկական ընտանիք է, աջակցվում է պետական մակարդակով՝ խնդրահարույց դարձնելով ներքին քննադատությունը իշխանությունների նկատմամբ։ Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ «Էլեկտրիկ Երևան» բողոքի ցույցերի մասնակիցներն ինձ պատմեցին, թե ինչպես էին ոստիկանները փորձում արթնացնել նրանց խիղճը՝ ասելով․ «Չէ՞ որ մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք»։

03_sound

Հայերի ցեղասպանության թեման անընդհատ շոշափվում է։ Օդանավակայանում առաջին իսկ պաստառի վրա թուրքին համեմատում են Հիտլերի հետ։ Ամեն երեկո Հյուսիսային պողոտայում փողոցային երաժիշտները երգում են ցեղասպանության ժամանակների երգեր հայերի ու թուրքերի դիմակայության մասին։ Նրանց ակնթարթորեն շրջապատում են ամռանը Երևան եկած բազմաթիվ սփյուռքահայերն ու խանդավառությամբ միանում երգին։ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ոմանք, ի նշան բողոքի, նույնպես երգում էին ցեղասպանության մասին երգեր։

04_activists

Հայաստանում կա ասացվածք՝ «Թուրքը մնում ա թուրք» (այսինքն՝ վատը)։ Առաջադեմ երևանյան երիտասարդությունը, սակայն, հետաքրքրությամբ հետևում է Թուրքիայում հասարակական գործընթացներին ու կարեկցում այդ երկրի ձախերի շարժմանը։ Ես ներկա գտնվեցի ակտիվիստների հանդիպման, որի ժամանակ քննարկվում էր՝ ինչպես օպերատիվ կերպով թարգմանել ու հրապարակել նորություններ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայում սկսված հակակառավարական ակցիների մասին։ Պաշտոնական ԶԼՄ֊ները հարևան Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի մասին նորություններ գրեթե չեն հաղորդում։

Քաղաքի կենտրոնում

05_chip

Եթե Երևանի կենտրոնում զբոսնես առանց ներքին բակեր մտնելու, ապա ճոխության իր ձգտումներով այն կարող է հիշեցնել Մոսկվան։

Առաջին օրերին ինձ համար անհասկանալի էր, որտեղ էին էժան տեղական մրգերն ու բանջարեղենը․ մոտակա շուկա կարելի է հասնել տրանսպորտով, փողոցային առևտուր գրեթե գոյություն չունի, իսկ ցանցային խանութներում գները գրեթե մոսկովյան են։ Հետո ինձ բացատրեցին, որ պետք է փնտրել մասնավոր խանութներ (կրպակներ ու փոքրիկ ամբարներ) ներքին բակերում։

Էժան ու համեղ կարելի է ուտել Սիրիայից եկած փախստականների համեստ սրճարաններում․ իսկ տեղի հայերը ռեստորաններ են բացում։ Ինչպես Մոսկվայում, Երևանում նույնպես «սեքընդների» մշակույթը զարգացած չէ․ փոխարենը կան բազմաթիվ թանկ բրենդային խանութներ։ Երեկոյան քաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս գալիս մոդայիկ հագուստով մարդիկ․ չափազանք կարճ սանրվածքով սևազգեստ տղամարդիկ ու երկարավարս, վառ դիմահարդարմամբ ու խոր լանջաբացվածքով կանայք։

Զբոսնող ամբոխի շրջանում կարելի է նկատել նաև մարմնավաճառությամբ զբաղվող կանանց։ Հանրապետության հրապարակում սկանդալի ականատես եղա․ ինչ֊որ տղամարդ մի սեքս֊աշխատողի նկատողություն էր արել նրա անպարկեշտ զբաղմունքի համար, իսկ կինը պատասխանում էր «իմ մարմինն է` իմ գործն է» ոգով։

06_skandal

Երբ փորձում էի նկարել տեսարանը, մեկ այլ սեքս֊աշխատող հանկարծ բռնեց ձեռքս ու սկսեց բղավել այնպես, որ տասնյակ կավատներ անմիջապես հավաքվեցին մեր շուրջը։ Բարեբախտաբար, հերոսուհիս նկարների ալբոմը փրկեց հաշվեհարդարից ու անգամ համաձայնեց՝ առանձին դիմանկարեմ իրեն։

07_sex-worker

Հանրային տարածք

Երևանյան ներքին բակերում կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքրաշարժ երևույթներ։ Օրինակ, փոքրիկ մասնավոր վարսավիրանոցներ, որտեղ մազ են կտրում, նարդի խաղում ու զրուցում քաղաքականության մասին։ Մի անգամ Երևանում զբոսնելիս՝ հանդիպեցինք նման հաստատության, ու հայաստանցի ընկերներս խնդրեցին, որպեսզի թույլ տան՝ այնտեղ նկարեմ։

08_haidresser-salon

Պարզվեց՝ վարսավիրանոցի մշտական հաճախորդներից մեկը նկարիչ֊սոցռեալիստ Սիմոն Գալստյանի որդին է։ Նա սկսեց քննադատել ռուսերենի ու ռուսական մշակույթի պարտադրումը խորհրդային ժամանակներում, իսկ որպես գաղութարարության դեմ փաստարկներ մեջբերում էր ցիտատներ Տոլստոյից ու այլ ռուս դասականներից։ Մինչ օրս երևանցիների մեծ մասը գիտի ռուսերեն, ու խոսակցությունների ընթացում ժամանակ առ ժամանակ լսվում են ամբողջական նախադասություններ տվյալ լեզվով։

Խոսեցինք նաև Երևանում շինարարության թեմայից։

09_oper

Երևանի գեղարվեստական ու ակտիվիստական միջավայրերում մի քանի անգամ լսել եմ հետևյալ կարծիքը՝ հայերը գտնում են, որ ցանկացած տարածք պետք է ունենա սեփականատեր, կառուցապատվի ու եկամուտ բերի։ Երևանում հանրային վայրերը կարող են հեշտությամբ դառնալ ինչ֊որ մեկի սեփականությունը։ Օրինակ, 2002 թվականին միլիոնատեր Ջերարդ Գաֆեսճյանը գնել է Կասկադ ճարտարապետական համալիրը՝ քաղաքի հիմնական խորհրդանիշներից մեկը։ Մասնավոր սեփականություն է դարձել նաև քաղաքի կենտրոնական այգիներից մեկը։

Հասարակ երևանցիները քաղաքային տարածքը գրավում են իրենց հասանելի միջոցներով․ շենքերի առջևի հողակտորները վերածվում են առաջին հարկի բնակիչների անձնական այգիների, բազմահարկերի ճակատամասերին կցվում են լրացուցիչ սենյակներ սյուների վրա։

Կապույտ մզկիթն ու Լենին պապին

Երևանն առավել վերակառուցված քաղաքներից է։

էրիվանի խանության ժամանակներից պահպանվել է Կապույտ մզկիթը, որը սերտորեն շրջափակված է բնակելի շենքերով, ու Կոնդ թաղամասի մի մասը։ Էրիվանի ամրոցի ու Սարդարի պալատի տեղում կանգնած է հայտնի «Արարատ» կոնյակի գործարանը։

10_blue

Խորհրդային ժամանակաշրջանում ոչնչացվել է մի քանի իրանական մզկիթ ու հայկական եկեղեցի, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո հերթը հասել է խորհրդային շինություններին։ Քանդել են մոդեռնիստական Երիտասարդական պալատը, որը ժողովրդի շրջանում հայտնի էր որպես «կրծած կուկուռուզ», ինչպես նաև «Սևան» հյուրանոցը, «Դվին» հյուրանոցից մնացել է միայն կմախքը, իսկ «Մոսկվա» կինոթատրոնի ավանգարդային ամառային դահլիճը, որի փոխարեն պատրաստվում էին եկեղեցի կառուցել, փրկվեց միայն քաղաքացիների բողոքների արդյունքում։

11_Lenin

Վերակառուցման ընթացքում ապամոնտաժվել են բազմաթիվ սովետական խորհրդանիշներ։ Լենինի անվան հրապարակը վերանվանվել է Հանրապետության հրապարակի, իսկ առաջնորդի արձանը՝ հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուլովի գործը, գցել են պատվանդանից ու գլխատել։ Նկարիչ ընկերներս ինձ ասացին, որ անգլուխ Լենինը մինչ օրս պառկած է Ազգային պատկերասրահի ներքին բակում, ուր առանց հատուկ անցագրի մտնել հնարավոր չէ․ արձանը, սակայն, տեսանելի է պատկերասրահի պատուհանից։ Ես տոմս գնեցի ու գտա անհրաժեշտ պատուհանը՝ անգլուխ Լենինն անհեթեթորեն պառկած էր չգործող լողավազանում։ Նկարելուս փաստը լրջորեն մտահոգեց պահակներից մեկին․ «Ոչ ոքի այդ նկարը ցույց չտա՛ք։ Ոչ ոքի չասե՛ք, որ նա այստեղ պառկած է»։ Նա, սակայն, չկարողացավ բացատրել, թե ինչու է դա այդքան վտանգավոր գաղտնիք։

Կոնդ

2000֊ականների սկզբին քաղաքի կենտրոնում քանդեցին մի ամբողջ փողոց, որպեսզի կառուցեն էլիտար Հյուսիսային պողոտան։ Իրենց բնակարաններից բռնի վտարված բնակիչներից շատերը նոր բնակարանների փոխարեն ստացել են նվազագույն փոխհատուցում։ Այժմ քննարկվում է Երևանի հնագույն թաղամասը՝ Կոնդը, քանդելու հարցը։

12_mechet

Կոնդը մրջնաբույն է հիշեցնում․ մի մեծ բլուր խտորեն պատված է նախահեղափոխական տնակներով, իսկ ծուռումուռ և նեղլիկ փողոցներում, որոնցից շատերն ավարտվում են փակուղիներով, շատ հեշտ կարելի է մոլորվել։ Ժամանակին այս քարե տները կառուցվել են հարուստների կողմից, սակայն այսօր Կոնդի մեծ մասը ետնախորշ է հիշեցնում։ Հատկապես տպավորիչ է կիսաքանդ իրանական մզկիթը, որտեղ դեռևս խորհրդային ժամանակներից բնակվում է հինգ ընտանիք։

13_antikvar

«Անտիկվար» հայերենում հնչում է որպես վիրավորանք, նշանակում է «թափոն»։

Կոնդեցիներից շատերը թաղամասը համարում են անիծված, քանի որ նախկինում տների մեծ մասը պատկանել է մահմեդականների՝ իրանցիների, ադրբեջանցիների ու «թուրքերի» (այդպես էին իրենց անվանում ադրբեջանցի թաթարները)։ Ընդ որում, կոնդեցիները սերտորեն կապված են իրենց համայնքին․ հարևանները միմյանց հետ մոտ են ու նրանց միջև առկա են մեծ թվով բարեկամական կապեր։ Աղավնատան այս տերը կցանկանար, որպեսզի Կոնդի բոլոր բնակիչներին տեղափոխեին մի մեծ նոր տուն։

14_Kond

Ակտիվիստ Նառան

Կոնդի ոչ բոլոր բնակիչներն են երազում տեղափոխվել։ Ինձ հաջողվեց հյուրընկալվել ակտիվիստ Նառայի տանը։ Նառան մոր հետ ապրում է ցեղասպանության ժամանակ Թուրքիայից փախած պապիկի ու տատիկի կառուցած տանը։ Նա շատ է սիրում իր տունն ու կցանկանար վերանորոգել այն։

15_Nara

Նառան պատմեց, որ խորհրդային ժամանակներում տեղի իշխանությունները պահանջում էին, որ առանձնատների տերերը հրաժարվեն սեփականության վկայականներից, ու մեծամասնությունը, այդ թվում՝ իր տատիկը, ենթարկվել են դրան։ Լսելով, որ Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո հին շենքերի բնակիչները մնացել են փողոցում, կոնդեցիները սկսեցին անհանգստանալ իրենց ճակատագրի մասին։

Նառան այցելել է Կոնդի բոլոր տները՝ հարևաններին կոչ անելով պայքարել իրենց իրավունքների համար։ Կոնդեցիներն աթոռները ձեռքներին գնում էին Կառավարության շենքի մոտ ու այնտեղ ժամերով նստում՝ պահանջելով վերականգնել սեփականության վկայականները։ Փաստաթղթերը հաջողվեց վերականգնել։

16_houses

«Ես ոչ ամուսին ունեմ, ոչ եղբայր, ոչ որդի, ուստի չէին կարող զենքի կամ թմրանյութի միջոցով գլխիս սարքել»։

Հայաստանյան հասարակությունում կին ակտիվիստների նկատմամբ ճնշումները գործադրվում են արական սեռի հարազատների միջոցով։ Կոնդի բողոքին մասնակցում էին կանայք ու մի ծերունի՝ Ղարաբաղյան պատերազմի վետերան, հետևաբար ոստիկանությունը նրանց ուժով չէր ցրում։ Ոստիկանները փորձում էին բանակցություններ վարել միակ տղամարդու հետ՝ արհամարհելով բողոքի առաջնորդուհի Նառային։

Աբովյանի կանանց գաղութ

ՀՀ արդարադատության նախարարությանը կից «Դատապարտյալների վերականգնողական կենտրոնի» աջակցությամբ ինձ հաջողվեց նկարչության մի քանի դասընթացներ անցկացնել «Աբովյան» կանանց քրեակատարողական գաղութում։ Կենտրոնը կալանավորներին իրավաբանական ու հոգեբանական օգնություն է ցուցաբերում, իսկ «Աբովյանում»՝ Երևանին ամենամոտ բանտում, կազմակերպում է խեցեղենի գունազարդման, վիտրաժի ու փայտե քանդակագործության պարբերական դասընթացներ։

17_lesson

Իմ դասերի ժամանակ ծանոթացա Նաստյայի՝ «Աբովյանի» աստղ նկարչի հետ, ով կալանավայրի պատերը նկարազարդել է մոնումենտալ ֆրեսկոներով։ Նա ուսումնասիրում է Սարյանի ու Ավետիսյանի արվեստը, ապա՝ հարգանքի տուրք մատուցում նրանց գործերին։

«Աբովյանի» տարածքում բազմաթիվ ծառեր կան, իսկ փշոտ մետաղալարով պատված ցածր պատերն ամբողջությամբ չեն փակում լեռների տեսարանը։ Բանտարկյալներն իրենց սեփական հագուստն են կրում։ Ինձ բացատրեցին, որ կանանց գաղութների համար համազգեստ նախատեսված չէ՝ «Չէ՞ որ նրանք վերջիվերջո կանայք են»․ բացի դա, տղամարդկանց գաղութների համեմատ՝ պայմանները կանանց գաղութներում ավելի մեղմ են։ Երիտասարդ աղջիկների համար գաղութներ Հայաստանում չկան․ անչափահասներին հիմնականում դատապարտում են պայմանական ազատազրկման։

Ճաշի ժամին ճաշարան է մտնում կանանց խայտաբղետ ամբոխ․ նրանք կաթսաներով, չուգունե թավաներով բերում են սեփական ձեռքով պատրաստված սնունդ, իսկ բանտային սնունդ գրեթե ոչ ոք չի ուտում։ Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ բանտարկված կանանց մեծ մասը լքված է ընտանիքների կողմից, Հայաստանում հարազատներն ամբողջ ընթացքում նրանց հանդեպ հոգ են տանում։

18_Abovyan

Սովորական հոդվածներ են՝ խարդախություն, թմրանյութերի շրջանառություն, սեքս թրաֆիքինգ։ Հայուհիներն իրենց հայրենակցուհիներին խաբկանքով ուղարկում են Թուրքիա՝ որպես սեքս-ստրուկներ, քանի որ մոտ է ու կա պահանջարկ։ Գաղութներում եղած կանանց վրա ընդմիշտ դրոշմ է դրվում․ նրանք ունեն նորմալ աշխատանք գտնելու, անձնական կյանքը դասավորելու ու դստրերին ամուսնացնելու մինիմալ հնարավորություններ։

Լինել հայուհի

19_sell

Մի անգամ Երևանում ինձ հայուհու տեղ դրեցին։ Գետնին նստած նկարում էի այս գորգավաճառներին, երբ ինձ մոտեցավ մի տարեց կին, ու հայերեն խրատելով, սկսեց խնամքով իջեցնել կիսաշրջազգեստս։ Հասկանալով, որ Ռուսաստանից եմ, կորցրեց հետաքրքրությունը բարոյական կերպարիս հանդեպ՝ «ռուս կինը» Հայաստանում «ման եկողի» հոմանիշն է։

Ուշագրավ է, թե որքան տարբեր են Ռուսաստանում ու Հայաստանում կանանց հանդեպ հասարակության ճնշումները։ Մեզ մոտ անվայելուչ է կույս մնալ 19 տարեկանից հետո, կնոջից ակնկալում են սեռական կապ ինչ֊որ տղամարդու հետ ու երեխայի ծնունդ․ նույնիսկ եթե նա ստիպված է միայնակ մայր լինել։ Հայաստանում գլխավոր արժեքն ընտանեկան պատիվն է․ բազմաթիվ կանայք, ում չի հաջողվել ամուսնանալ, «մնում են տանը» ու կարող են հանգիստ հանրայնորեն խոսել այդ մասին։ Հայաստանի մի շարք մարզերում մինչ օրս պահպանվել է կարմիր խնձորի ավանդույթը՝ առաջին ամուսնական գիշերվան հաջորդող առավոտյան նորահարսի ծնողներին կարմիր խնձոր են ուղարկում, ինչը նշանակում է՝ աղջիկը կույս էր։ Առանց օրինական ամուսնանալու «երեխով մնալը» խայտառակություն է, անզավակ լինելը՝ դժբախտություն։

20_lavash

Մի անգամ հայաստանցի սոցիոլոգ ընկերուհիս բակում թոնրատուն նկատեց ու առաջարկեց համատեղ հարցազրույց վերցնել լավաշ թխող կանանցից։ Մեզ սրտանց նստեցրին սեղանի շուրջ ու սուրճ առաջարկեցին, սակայն Երևանում սոցիալական փոփոխությունների մասին խոսակցությունը չէր ստացվում։ Կանայք հայերենով ընկերուհուս հարցնում էին՝ երեխաներս քանի տարեկան են (չգիտես ինչու վստահ էին նրանց գոյության մեջ), իսկ նրան փորձում էին ամուսնացնել իրենց որդիների հետ։

21_question

Ինձ տրված միակ հարցը։

Ինչպես Ռուսաստանում, Հայաստանում նույնպես տարածված է ընտանեկան բռնությունը։ 2010 թվականին կանանց խնդիրներով զբաղվող վեց կազմակերպություններ միավորվեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» մեջ, որպեսզի պայքարեն ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունման համար ու օգնություն ցուցաբերեն տուժած կանանց։ Ներկա գտնվեցի Սյուզաննայի գործով դատական նիստին, ում համար կոալիցիան փաստաբան էր վարձել։ Երիտասարդ կինը պարբերաբար ծեծի էր ենթարկվում ամուսնու և սկեսրոջ կողմից, իսկ երբ որոշեց ամուսնալուծվել, նրանից խլեցին դստերը։ Նիստից հետո դատավորը նախկին ամուսիններին խրատեց, որ պետք է պահպանել ընտանիքն ու հայաստանյան հասարակության պատիվը։

22_court

Հայաստանում գոյություն ունի նաև կոնկրետ խնդիր՝ երկիրը Չինաստանից ու Ադրբեջանից հետո երրորդ տեղն է զբաղեցնում սելեկտիվ աբորտների առումով։ Հղիությունն սովորաբար ընդհատում են, երբ ընտանիքն արդեն ունի երկու աղջիկ երեխա, իսկ ապագա երեխայի սեռը նույնպես իգական է։ Հերթական անցանկալի աղջկա անունը կարող են դնել Բավական։ Որդին համարվում է ցեղի շարունակող ու ապագայում ընտանիքը պահող։ Որդի ունեցած կնոջ սոցիալական կարգավիճակն անհամեմատելի բարձր է։ Ավանդույթի համաձայն՝ որդին հարս է բերում հայրական տուն ու ժառանգում ունեցվածքը։ Դուստրը գնում է ամուսնու ընտանիք, իսկ չամուսնացածը՝ ծառայում եղբոր ընտանիքին։

Նման հայրիշխանական ավանդույթներն աստիճանաբար թուլանում են․ երևանցի երիտասարդությունը շատ է տարբերվում ծնողներից։ Սա սոցիալական հետազոտող, ֆեմինիստ Արևիկի ու նրա մոր դիմանկարն է, ով չի հասկանում՝ ինչու դուստրը չի շտապում ամուսնանալ ու երեխաներ ունենալ։

23_Arevik-with-her-mother

Հանդիպումներ, հարցազրույցներ ու համագործակցություն անկախ կանանց հետ՝ սրանք են Երևանի մասին իմ ամենաջերմ հիշողությունները։ Կարծում եմ՝ Հայաստանում ամենաառաջադիմական փոփոխությունները կապված են լինելու հենց կանանց ակտիվության հետ։

Հեղինակ՝ Վիկտորիա Լոմասկո

Tekali Taxi