ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Բյուրեղավանի գիշերօթիկի քրեական գործի նախաքննությունը՝ նոր մեղադրանք առաջադրելով տնօրեն Գայանե Մարգարյանին։ Վերջինս կալանավորված է 2014 թվականի նոյեմբերից։
Քննությունը պարզել է, որ գիշերօթիկում 2004-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում ֆինանսական բնույթի չարաշահումներ են եղել, իսկ 2010-2014 թթ․֊ին՝ գիշերօթիկի սաների նկատմամբ բռնություններ։
Գայանե Մարգարյանը, ում ավելի վաղ մեղադրանքներ էր առաջադրվել խոշոր չափերի գումար յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերի գումար վատնելու մեջ, գիշերօթիկի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2001-ի հոկտեմբերից մինչև 2014 թվականի մայիս։ 2004-2014թթ. նա գիշերօթիկում որպես աշխատակիցներ հրամանագրել է փաստացի աշխատանքներ չկատարող մի շարք անձանց։
«2004 թվականին հրամանագրվել է երկու անձ, որոնց թիվը 2007թ. դարձել է երկու տասնյակից ավելի, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում։ Բացի դա, նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված ուսումնական հաստատությունում տողանների, ինչպես նաև ուսումնադաստիարակչական գործընթացի այլ փուլերում՝ 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար բռնություն է գործադրվել, տնօրենի բնորոշմամբ, «կարգազանց» անչափահաս սաների նկատմամբ: Տուժած երեխաների թիվը հասնում է 14-ի», ֊ ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Նախաքննության փուլում նոր ապացույցներ ի հայտ գալուց հետո Գայանե Մարգարյանի նախկին մեղադրանքի ծավալը փոխվել է՝ նախկինններին ավելացվել է «երկու կամ ավելի անչափահասներին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելը» մեղադրանքը։