Home / Տեսանյութեր / «Աբսուրդ». Զոհված զինվորների ծնողների բողոքի գործով վճիռը չհրապարակվեց

«Աբսուրդ». Զոհված զինվորների ծնողների բողոքի գործով վճիռը չհրապարակվեց

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է բանակում 2010 թվականին զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի (լուսանկարում) և Նանա Մուրադյանի՝ ոստիկանների դեմ բողոքի գործով վճռի ընթերցումը:

Նիստի մեկնարկից մի քանի րոպե առաջ դատարանի քարտուղարուհին տեղեկացրել է ծնողներին, որ դատավոր Արմեն Խաչատրյանին տեղափոխել են այլ դատարան: Վերջինս ասել է, որ ինքն էլ չգիտի, թե որն է տեղափոխման պատճառը, և իրենք դատարանում նոր են այդ մասին իմացել: 

Epress.am-ի հետ զրույցում հայցվորների ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը տեղի ունեցածը աբսուրդ է որակել: Նա նշել է, որ Հայաստանի դատական համակարգի կայքում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում լրացում կատարելու վերջին որոշումը հարապարակվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Հարությունյանի խոսքով՝ գուցե, Խաչատրյանին վերջերս են տեղափոխել ու այդ մասին հրապարակում չի եղել,  այնուամենայնիվ, նիստի փոփոխությունների հետ կապված կարելի էր հայցվորներին ծանուցել:

Ըստ նրա՝ սովորաբար դատավորներին տեղափոխելուց առաջ ժամանակ են տալիս ավարտելու իրենց դատական կիսատ գործերը: Իսկ այս գործը գրեթե ավարտված էր, և մնացել էր միայն վճիռը հրապարակել:

«Թող բարի լինեին՝ առավոտից մեզ զանգեին ասեին, որ հետաձգվել է», – իր հերթին, ասել է Իրինա Ղազարյանը:

Լեռնային Ղարաբաղում 2013 թվականին զոհված Արմեն Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, ով Իրինա Ղազարյանի և Նանա Մուրադյանի հետ մասնակցում է հինգշաբթի օրերին նախագահական նստավայրի մոտ անկացվող բողոքի ակցիաներին, դատարանից  կապ է հաստատել ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, որպեսզի տեղեկանա, թե ինչ է լինելու քննվող գործի հետ: Այնտեղից նրան խորհուրդն են տվել կապվել դատավորի աշխատակազմի հետ:

Դատավորի օգնականը Մուրադյանի հետ զրույցում հաստատել է, որ դատավորին տեղափոխել են Աջափնյակի դատարան, և այդ առիթով ինքն այլ բան չի կարող ասել:

Օգնականը տեղեկացրել է Մուրադյանին, որ հայցվորները պետք է սպասեն այլ դատավորի նշանակման, որից հետո նրանց ծանուցագիր կուղարկվի՝ հաջորդ դատական նիստի անցկացման օրվա հետ կապված:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 13-ին ոստիկանության աշխատակիցները, բռնություն կիրառելով, նախագահական նստավայրի դիմացից հեռացրել էին Ղազարյանին և Մուրադյանին։ Կանայք հաղորդում էին ներկայացրել ոստիկանների դեմ՝ նշելով, որ ոստիկանների գործողությունների հետևանքով իրենք տուժել էին ֆիզիկապես: Հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ գործը կարճվել էր:  Ղազարյանն ու Մուրադյանը դատական կարգով պահանջում են, որպեսզի Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Հ. Թադևոսյանի կողմից հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացվի և նոր անաչառ քննություն իրականացվի:

Tekali Taxi