9 տարվա ազատազրկման դատապարտված ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը երեկ կեսգիշերին դադարեցրել է հացադուլը։ «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում պահվող դատապարտյալը հացադուլը սկսել էր 8 օր առաջ, 5 օր էլ ջրադուլ էր անում։ Կյուրեղյանը պահանջում էր իրեն առանձին խուց տեղափոխել և ապահովել իր անվտանգությունը։ Ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժումն ահազանգել էր, որ Կյուրեղյանը, ինչպես նաև «Նոր Հայաստանի» անդամ Գևորգ Սաֆարյանը բանտում քրեական տարրերի կողմից ճնշումներ են ենթարկվում։
Կյուրեղյանի՝ հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որի անդամները երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Հայկ Կյուրեղյանի հետ։ Այցի ընթացքում ՔԿՀ֊ի վարչակազմը Կյուրեղյանին հավաստիացրել է, որ նա կտեղափոխվի մենախուց և կապահովվի նրա անվտանգությունը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Դատավարության ընթացքում ծրագրավորողը հրաժարվել էր պաշտպանից, սակայն դատական նիստերին ներկա էր լինում Կյուրեղյանին պետության կողմից տրամադրված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։
Ըստ վերջինի՝ գործի նախաքննության և դատավարության ընթացքում մի շարք խախտումներ են գրանցվել, մասնավորապես, չի կատարվել առերեսում Կյուրեղյանի և տուժածների միջև, դատարանը չի քննել ոստիկանական մեքենայում Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստը, Կյուրեղյանը հեռացվել է դատարանի դահլիճից 10 ժամով, սակայն դատարանը թույլ չի տվել նրան նիստերին մասնակցել նաև այդ ժամկետը լրանալուց հետո:
Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) նախատեսված արարքները կատարելու համար։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայկ Կյուրեղյանին քաղբանտարկյալ է համարում։