Գլխավոր / Տեսանյութեր / Քաղաքացիները պնդում են՝ էլէներգիայի դիմաց պարտք չեն․ ՀԷՑ֊ից խոստանում են «հասկանալ խնդիրը»

Քաղաքացիները պնդում են՝ էլէներգիայի դիմաց պարտք չեն․ ՀԷՑ֊ից խոստանում են «հասկանալ խնդիրը»

Արարատի մարզի Տափերական համայնքի բնակիչներն ահազանգում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի (ՀԵՑ) տեսուչները պահանջում են մարել, նրանց խոսքով, 2002 թվականից կուտակված ժամկետանց պարտքերը։

ՀԵՑ-ի տեսուչները պարտքերը չվճարելու համար 2 օր առաջ փորձել են հոսանքազրկել Տափերականի բնակիչների տները, սակայն գյուղացիների կողմից բարձրացված աղմուկի հետևանքով հոսանքազրկում չի եղել։ Այնուամենայնիվ, տեսուչները խոստացել են մի քանի օրից վերադառնալ և հոսանքազրկել պարտքերը չվճարածների տները։

Epress.am֊ի հետ զրույցում Տափերականի բնակիչ Գայանե Դիլանյանն ասել է, որ իրենք պարտքի մասին առաջին անգամ են լսում․ «Մեզ էլեկտրաէներգիայի 120 հազար դրամ պարտքի ծանուցում ա եկել, բայց ես իմ վճարման բոլոր կտրոններն ունեմ։ Այնտեղ երևում ա, որ ես ամեն ամիս վճարել եմ ու չունեմ պարտք։ Եկել էին, ուզում էին գյուղի մեծ մասի տները հոսանքազրկել։

Չեքերը ձեռքս գնացի Վեդիի էլեկտրացանց՝ ցույց տալու համար, որ ես իմ վճարումները կատարել եմ, բայց աշխատողն ինձ ասում ա՝ դա ոչ մի բան չի նշանակում. չեքը կա, բայց գումարը չկա, կարողա մուծել եք, բայց գումարը չի հասել տեղ, կամ էլ տվել եք էլեկտրիկին՝ կեսը մուծել ա, կեսն էլ պահել ա ու ձեր վրա պարտք ա կուտակվել։ Ասեց՝ եթե 2 ամսում չմարեք, լույսերը անջատելու ենք։ Ոնց կարա 2002 թվականից իմ վրա պարտք կուտակվի, երբ մի անգամ 4 հազար դրամ պարտք էի մնացել էլեկտրիկը եկավ, հոսանքն անջատեց ու իմ 4 անչափահաս երեխաներ հետ մնացինք առաց էլեկտրականության»։

Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Անահիտ Կարապետյանը, նույնպես նշել է, որ մշտապես վճարել է, իսկ վճարումները գրանցվել են հատուկ գրքույկի մեջ։ Այդ գրքույկը էլեկտրացանցի ներկայացուցիչը հաշվառման պատրվակով տարել է ու հետ չի վերադարձրել։ Կարապետյանը նշել է, որ ինքը պահել է նաև վճարման անդորրագրերը, սակայն նրան էլ ասել են, որ 18 հազարից ավել պարտք ունի։

ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել, որ նման բան չի կարող լինել․ «Եթե բաժանորդը վճարում է կատարել և ունի կտրոնները, անհնար է, որ դա բազայում չլինի։ Անգամ եթե բազայի հետ կապված խնդիր կա, անհնար է, որ ասեն, թե կտրոնը ոչինչ չի նշանակում։ Դուք կարող եք մեր հեռախոսահամարներից մեկը տալ այդ քաղաքացուն, թող նա մեր հետ կապ հաստատի, որ հասկանանք խնդիրը»։

Սարջանյանը պարզաբանել է, որ քաղաքացիներին ներկայացվող պարտքերը 2002 թվականի նոյեմբեր ամսվանից սկսած ժամկետանց դեբիտորական պարտքերն են․ «Օրինակ, հնարավոր է քաղաքացին ինչ-որ ամիս վճարել է գումարի մի մասը և ինչ-որ գումար մնացել է չվճարված, բայց քանի որ վճարել է, չենք հոսանքազրկել։ Հաջորդ ամիս նորից վճարել է ընթացիկ գումարը և այդ պարտքը շարունակել է մնալ։ 1 տարի հետո, գուցե, նորից ինչ-որ թերվճարում է արել, կամ մի ամսվա համար չի վճարել, իսկ հաջորդ ամսվա գումարը վճարել է ու չի հոսանքազրկվել։ Յուրաքանչյուր քաղաքացու դեպքը ինդիվիդուալ է, ու չեմ կարող ասել, թե որ մեկինը ոնց է առաջացել։ Բաժանորդները կարող են մեզ հետ կապ հաստատաել և իմանալ, թե կոնկրետ ո՞ր ժամանակահատվածի համար է գոյացել իրենց պարտքը»։

Այն հարցին, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում քաղաքացիներին չեն տեղեկացրել իրենց կուտակած պարտքերի մասին և միայն 10 կամ ավելի տարի անց են պահանջում մարել պարտքը՝ ՀԵՑ մամուլի խոսնակը պատասխանել է, թե իրենք միշտ զբաղվել են այդ պարտքերի խնդիրներով և տեսուչները քաղաքացիներին զգուշացրել այդ մասին․ «10 տարի հետո չենք պահանջում։ Կան մարդիկ, որ 2015 թվականին են կուտակել այդ պարտքերը։ Ճիշտ է կան նաև դեպքեր, որ 2002 թվականից են կուտակել, բայց բոլորը չեն, որ այդ թվականից են պարտք կուտակել»։

Սարջանյանը նշել է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության բնակչության ժամկետանց ամբողջ պարտքը կազմում է 3,2 միլիարդ դրամ։

Tekali Taxi