Home / Տեսանյութեր / Ընդդիմադիր պատգամավորները դեմ են Օմբուդսմենի թեկնածուի առաջադրման կարգի փոփոխությանը

Ընդդիմադիր պատգամավորները դեմ են Օմբուդսմենի թեկնածուի առաջադրման կարգի փոփոխությանը

Ազգային ժողովն այսօր 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու իրավունք է ունենալու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: 

Հանձնաժողովը ներսում թեկնածուների քննարկումներ անցկացնելուց հետո մեկ թեկնածություն է Ազգային ժողովին առաջադրելու և խորհրդարանը քվեարկելու է այդ թեկնածության վերաբերյալ։ Եթե թեկնածուի օգտին բավարար թվով պատգամավորներ չքվեարկեն, ապա Հանձնաժողովը մեկ այլ թեկնածություն առաջադրելու հնարավորություն կունենա։

Նշենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի 12 անդամից 6-ը ներկայացնում են իշխող ՀՀԿ֊ն, մեկական անդամ ունեն «Հայ Ազգային Կոնգրես», ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները, բացի դա, հանձնաժողովի կամզում է ոչ մի խմբակցության մեջ չընդգրկված Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը դեմ են արտահայտվել նոր կարգին։ Մինչև քվեարկությունը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել է, որ եթե նախագիծը փոփոխության չենթարկվի, ապա դա նշանակում է, որ ԱԺ-ն ժողովրդավար սկզբունքների ներքո չի գործում․ «Եթե այստեղ մի հանձնաժողով է գործելու, որը ներկայացնելու է ՄԻՊ–ի մի թեկնածություն Ազգային ժողովի լիագումար նիստին, ապա այստեղ վերանում է այլընտրանքը, և մրցակցություն չի լինելու, ինչպես նաև խախտվելու է ընտրության հնարավորությունը, որովհետև մենք չենք կարողանալու ընտրություն կատարել թեկնածուների միջև» ։

Փոստանջյանի կարծիքը կիսել է նաև ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով ևս դեմ էր մեկ թեկնածուի առաջադրմանը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ նախագծի մեջ փոփոխություններ չեն արվել, որովհետև երեկ քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների առաջարկությունները հնչել են բանավոր, այնինչ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, պետք էր գրավոր ներկայացնել առաջարկությունները։ «Եղել է միայն մեկ գրավոր առաջարկություն, որն էլ քննարկվել է»։

ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ասել է՝ քանի որ Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ֊ն մեծամասնություն ունի, հանձնաժողովի առաջադրած թեկնածուն միևնույն է ընտրվելու, և արդյունքում ոչինչ չի փոխվելու։ «Ես կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներին, խմբակցություններին Պետաիրավական հանձնաժողովում մոբիլիզացնել այն ուժերին, ովքեր ունեն լրացուցիչ անդամներ ներկայացնելու հնարավորություն, այդպիսի հնարավորություն կա, և հանձնաժողովում ապահովել կոնսոլիդացիա, ու այդ կոնսոլիդացիան բերել ԱԺ»:

Tekali Taxi