Գյումրիում օլիգարխի կողմից (անունը հոդվածում չի նշվում) լքված վայրի կենդանիների մասին բրիտանական Daily mail օրաթերթի՝ «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» հրապարակումից հետո Հայաստանի Բնապահպանության նախարարությունը ստեղծեց աշխատանքային խումբ՝ զբաղվելու անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների վերաբերյալ օրենսդրությամբ։ Կենդանասերների գնահատմամբ՝ այն ինչ արվում է՝ միանշանակ քայլ առաջ է, սակայն բավարար չէ՝ խնդիրը լուծելու համար։
Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ աշխատանքային խմբի մշակած օրենսդրական փոփոխությամբ սահմանվելու է վայրի կենդանի պահելու համար լիցենզիա տալու ընթացակարգ։ Նա նշել է, որ լիցենզիա ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը ներկայացնելու է ապացույցներ, որ միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ է ստեղծել վայրի կենդանու համար, ունի պայմանագիր անասնաբույժի հետ։ Բացի դա, նոր օրենքով բոլոր վայրի կենդանիները հաշվառվելու են, ինչը, ըստ պաշտոնյաի, թույլ կտա կանխել կենդանու ապօրինի շարժը։
«Պետությունը չի կարող պատասխանատվություն կրել մասսայական, կենդանիների օգտագործման էդ հիվանդագին ձևին՝ հանրային սննդի վայրերում կենդանիներին պահելու համար, արդյունքում էլ տիրազուրկ մնացած կենդանիներին պահի։ Դա միլիոնավոր դրամների խնդիրներ է։ Պետք է կանխվի անօրինական կենդանիների մուտքը Հայաստան։ Ներկրման նպատակը չի կարող լինել քմահաճույքը», ֊ ասել է Խաչիկ Հակոբյանը։
Նա հույս է հայտնել, որ օրենքի ընդունումից հետո ռեստորաններն ու սննդի կետերը կդադարեցնեն վայրի կենդանիներ պահելու պրակտիկան, քանի որ գործնականում չեն կարողանա ապահովել նրանց պահման պատշաճ պայմաններ։
«Green age» ՀԿ֊ի նախագահ, բնապահպան Գրիգոր Ջանոյանը, ով, «սկզբունքային հակասություններ» ունենալով, դուրս է եկել նախարարության աշխատանքային խմբից, Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ լիցենզիայի կարգ սահմանելը կարող է կոռուպցիոն ռիսկ ստեղծել և դառնալ հերթական «փող աշխատող մարմինը», որով հարկայինը գումարներ է գանձելու ռեստորանների տերերից։
«Մենք ուզում էինք, որ կոշտ օրենք մշակվի։ Եթե որևէ օլիգարխ ցանկանում է առյուծ պահել, դա նրա վրա պետք է 120.000 դոլար նստի, իմ համար ռեստորաններից առյուծներին հավաքելը չէր էականը, եթե օլիգարխները չպահեն, ռեստորանի տերը չի մտածի դա անելու մասին։ Կոպիտ ասած՝ զրոյից օրենք է մշակվում, ոչինչ չկա։ Եթե կենդանուն օգտագործողը ուներ, կոպիտ ասած, ՀԴՄ, որ գնել է կենդանի, իրավունք է ստանում պահել նրանց, ոչինչ եթե չգիտի՝ էդ կենդանուն ոնց կերակրել, ինչ չափի տարածքում պահել»,֊ ասել է Ջանոյանը։
Ըստ բնապահպանի՝ այլ մոտեցում է պետք․ եթե որևէ մեկը ցանկանում է վերացող տեսակի կենդանի պահել, նա պետք է ապացուցի՝ ինչով է օգտակար լինելու տեսակին, ինչպես է բազմացնելու կենդանիներին։
«Pro paws» բարեգործական ՀԿ֊ի անդամ Նարե Արամյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ կոռուպցիոն ռիսկ, իհարկե, կա, սակայն դա չեզոքացնելու համար հանրային վերահսկողություն է պետք։
«Այս հարցին միայն Բնապահպանության նախարարությունը չի կարող լուծում տակ։ Պետք է ներգրավվեն արտակարգ իրավիճկաների նախարարությունը, Ոստիկանությունը, տարածքային կառավարման մարմինները»,֊ ասել է Արամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 200 ժամանցի օբյեկտ կա, որտեղ վայրի կենդանիներ են պահվում։ Կոկորդիլոսներ և վագրեր պահվում են նաև Երևանում՝ բնակարային պայմաններում։ Արամյանի ՀԿ֊ն վայրի կենդանիների պահման վատ պայմանների մասին պարբերաբար ահազանգեր է ստանում, ամենաշատը՝ Մխչյան գյուղում գտնվող, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկին պատկանող ռեստորանի մասին։
Արամյանն ասել է, որ Հայաստանում մինչ այժմ ոչ մի անգամ քրեական գործ չի հարուցվել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։ Եղել են մի քանի վարչական գործեր, որոնք կամ կարճվել են, կամ իրավապահ մարմինները տույժերով են սահմանափակվել։