Home / Հայաստան / Կառավարության մոտ հացադուլ անող քաղաքացուն ուժով տեղափոխել են հոգեբուժարան

Կառավարության մոտ հացադուլ անող քաղաքացուն ուժով տեղափոխել են հոգեբուժարան

Հոկտեմբերի 22-ին ոստիկանները ՀՀ կառավարության շենքի դիմացից ուժի կիրառմամբ հեռացրել են հացադուլ անող և որպես բողոքի միջոց իր բերանը կարած Վարդենիսի բնակիչ, փականագործ Արմեն Երանոսյանին՝ տանելով «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն։ Այս մասին Epress.am֊ի հետ հեռախոսազրույցում պատմել է Երանոսյանը։ Նա ասել է, որ իրեն արդեն երկու օր է իր կամքին հակառակ պահում են հոգեբուժարանում՝ «ինչ֊որ բան են սրսկում»։

Երանոսյանը պատմել է նաև, որ իր բերանի կարերը քանդել են։

«Ինձ բռնի ուժով անընդհատ սրսկում են։ Ես թմրած ու հոգնած եմ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Ինձ ոստիկանները ասեցին՝ դու գիժ ես ու բերեցին ստեղ, իսկ հոգեբուժարանի տնօրենն էլ ասում է, որ մինչև մյուս շաբաթ պահելու են հիվանդանոցում», – ասել է Երանոսյանը։

Նրա խոսքով՝ ինքը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից ոչ մի արձագանք չի ստացել։

«Մենակ իրանց ասեք՝ թող էլ դեղ չսրսկեն էլի», ֊ հեռախոսով ասել է 40֊ամյա փականագործը։

Epress.am֊ի թղթակիցը զանգահարել է հոգեբուժարան՝ փորձելով տեղեկություններ ստանալ Երանոսյանի մասին, սակայն նրան պատասխանել են, որ «ամեն պատահած մարդու տեղեկություն չեն տալիս», պետք է գրությամբ և փաստաթղթերով այցելել հոգեբուժական կենտրոն։

Նախորդ հինգշաբթի կառավարության մոտ հացադուլ անող Երանոսյանը պատմել էր, որ ինքն աշխատում էր Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում որպես փականագործ, սակայն 5 ամիս առաջ նրան հեռացրել են աշխատանքից՝ թողնելով ծանր ֆինանսական վիճակում։

Tekali Taxi