Երեկ երեկոյան ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Armtimes.com֊ի տեղեկություններով, նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:
Կայքը նշում է, որ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը, բայց նաև չեն հերքում: ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնել են, որ ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն կարող են հայտնել միայն այսօր առավոտյան:
Իրավապահ շրջանակներից կայքին փոխանցել են, որ դատավորին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է փողոցում՝ Շենգավիթ վարչական շրջանում:
«Նույն շրջանակներից հայտնում են, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել և հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է: Ընդ որում, խոսքը շատ փոքր գումարի մասին է՝ 500-1000 դոլար», ֊ գրում է կայքը:
Քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը):
Կայքի աղբյուրները հայտնում են նաև, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում: