Home / Բանակ / Դատախազի տեղակալը չլսեց մահացած զինվորի մորը․ ակցիա կառավարության շենքի դիմաց

Դատախազի տեղակալը չլսեց մահացած զինվորի մորը․ ակցիա կառավարության շենքի դիմաց

Բանակում ոչ մարտական պայմաններում մահացած մի քանի զինվորների ծնողներ, ովքեր պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում պետական գերատեսչությունների շենքերի դիմաց, դեմ են «1000 դրամների» օրինագծին։ Այսօր ՀՀ կառավարության մոտ ակցիա անցկացնող ծնողները համոզմունք են հայտնել, որ քաղաքացիներից հավաքված գումարներն իրենց նպատակին չեն ծառայելու։ Նշենք, որ, ըստ նախագծի, այդ գումարներն ուղղվելու են մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին։

«Դուք մի հատ նայեք՝ ինչեր ա կատարվում, ձեր գողացած գումարները բերեք, ոչ թե խեղճ ժողովրդից 1000-ական դրամներ հավաքեք։ Էդ էլ են իրանք լափելու։ Կասեն՝ սահմանում ինքնասպան ա էղել (զինվորը) ու էդ գումարն էլ կլափեն»,- ասել է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։

Ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում վերջինս անդրադարձել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոստմանը՝ հանդիպել զոհված զինվորների ծնողներին և առանձին–առանձին քննարկել նրանց որդիների գործերը։

Ղազարյանի խոսքով՝ իր խոստումից հետո դատախազը նոյեմբերի 9-ին հանդիպել է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում ոչ մարտական պայմաններում մահացած զինվոր Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին։ Մյուսները մինչ օրս սպասում են դատախազի հետ հանդիպմանը, սակայն Գլխավոր դատախազությունից նշում են, որ իրենք անհատապես ուսումնասիրում են զինվորների գործերը, որից հետո միայն կընդունեն ծնողներին։

«Մինչև հիմա մեզանից ոչ մեկին չեն կանչում։ Թե ինչի՞ են էդքան ձգձգում, չեմ հասկանում։ Ինչի՞ն են սպասում, որ մի նորություն լինի՞, թե ինչ֊որ նոր բան են հնարելու, որ ծնողները չգիտեն։ Սկզբից մինչև վերջ կեղտ ա էլի։ Իբր Արթուր Դավթյանը տեղյակ չի՞ իմ որդու դեպքի մասին։ Էնտեղ բոլորն էլ լավ գիտեն մեր դեպքերի մասին։ Բայց թող լավ իմանան, քանի ես ողջ եմ, իմ որդու սպանությունը բոլորի քթից բերելու եմ ու չեն մարսելու իրանք տղայիս արյունը։ Իրանք ինչ ուզում են՝ անեն, ես մինչև վերջ գնալու եմ»,- ասել է Իրինա Ղազարյանը։

Ակցիայի ընթացքում կինը տեսել է ՀՀ կառավարության շենք մտնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանին և փորձել մոտենալ նրան։ Սակայն շենքի մուտքի մոտ Կառավարության անվտանգության աշխատակիցը խոչընդոտել է Ղազարյանի մուտքը, նրա ձեռքից խլել որդու նկարը, պատռել ու գցել գետնին։

«Հերիք չի տանում են, էրեխուս գլուխն ուտում են, հիմա էլ իրավունք չունեմ իմանալու, թե իմ էրեխուն ով ա սպանել։ Ես ուզում էի Հարությունյանին նորից իմ որդու խնդրով մոտենալ ու ասել, որ ժամանակին ինքն ա կոծկել տղայիս գործը, բայց ինքը արագ-արագ քայլելով մտնում էր առանց լսելու, թե ինչ ենք ասում։ Ես էլ մոտեցել էի մուտքի դռան մոտ, իսկ էդ դռնապահ էր, եսիմ ով էր, վերցրեց իմ էրեխու նկարը, քաշքելով ճղեց, գետնին քցեց, իսկ հետո, երբ ոստիկաններին ասում եմ՝ հենց հիմա դուրս կանչեք, թող էդ անողը գա, իրանք ինձ ասում են՝ տենց բան չի էղել»,- դժգոհել է Ղազարյանը։

Tekali Taxi