Home / Բանտ / Բանտում հարձակվել են դատապարտյալների վրա, նրանք ինքնավնասման են դիմել․ «Ա1+»

Բանտում հարձակվել են դատապարտյալների վրա, նրանք ինքնավնասման են դիմել․ «Ա1+»

Հունվարի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի քանի դատապարտյալներ ինքնավնասման են դիմել, քանի որ բանտի աշխատակիցները սկսել են մահակներով ծեծել նրանց։ Դատապարտյալներին 1-ին հարկի խցերից ցանկացել են տեղափոխել 5-րդ հարկի «ավելի լավ պայմաններով» խցերից մեկը, որն իրականում անմխիթար վիճակում է գտնվել, այդ պատճառով դատապարտված անձինք հրաժարվել են ենթարկվել ՔԿՀ֊ի ղեկավարության պահանջին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշել են ինքնավնասում կատարած դատապարտյալները և նրանց հարազատները։

«…Ես ցմահ բանտարկյալ չեմ, բայց ինձ ասում են՝ հելի 5-րդ հարկ, ցմահների խուց ապրի․․․ անբարվոք վիճակում ապրե՞մ, թող սարքի գնամ, ապրեմ։ Իրանք էլ, մի 50 հոգով, դուբինկեքով գալիս են․․․ », -Ա1+-ի տեսանյութում պատմում է «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված դատապարտյալ Արմեն Հակոբյանը։ Վերջինս վնասել է կոկորդը այն բանից հետո, երբ նրան ցանկացել են տեղափոխել այլ խուց։

Տեսանյութը՝ Ա1+֊ի

Կայքը նշում է, որ ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի «2015 թ.-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումից։ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների մոնիտորինգը ցույց էր տվել, որ «Նուբարաշեն»-ում որոշ խցեր խոնավ են և առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր:

Ըստ հարազատների` դատապարտյալներին ի սկզբանե ասել են` նորմալ և նորոգված խուց են տեղափոխում։ Իրականում խցերը գտնվել են աննկարագրելի վատ վիճակում։

«Պատուհանը` պուճուր, պատերը` քանդած, լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը` ժանգաջուր է գալիս», ֊ կայքին պատմել է դատապարտյալներից մեկի հարազատը։

«Տղաներն ասում են այնպիսի խուց է, որ նույնիսկ խոզը չի մնա: Ասում են՝ բարեկարգեք կամ մենք սարքենք, նոր գնանք այնտեղ: Ինչն էլ խնդիր է առաջացրել: Ճիշտ է՝ առաջին հարկում խոնավ է, բայց նորմալ սարքած է»,- կայքի հետ զրույցում ասել է մեկ այլ դատապարտյալի հարազատ։ Նա նշել է, որ չի ասում անունը, քանի որ վախենում է, որ իր հարազատին բանտում կվնասեն։

Դատապարտյալները խնդրել են բանտի ղեկավարությանը` եթե պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչև փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով նորոգեն խուցը. «Որովհետև զզվելի է, սանհանգույցից օգտվել ընդհանրապես չեն կարող․․․ Իրենց հաշվարկով` 50-60 հազար դրամը բավարար կլինի խուցը «բնակելի» դարձնելու համար»:

Առաջարկը չի ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից, և խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, որից հետո դատապարտյալները դիմել են ինքնավնասման:

Դատապարտվածներից երեքը տեղափոխվել են «Էրեբունի» հիվանդանոց։ «Մեկը դանակով փորն է վնասել, մյուսը՝ վիզը, թևերը, փորը: Մի ահավոր վիճակ է», -նշել են հարազատները։

Կայքի հետ զրույցում նրանք մտավախություն են հայտնել, որ դատապարտյալների նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին ուժ կգործադրվի, քանի որ նրանց փորձելու են տեղափոխել, իսկ վերջիններս որոշել են` կտեղափոխվեն միայն այն դեպքում, երբ նոր խուցը նորոգվի, այլապես կրկին ինքնավնասման կդիմեն:

ՄԻՊ գրասենյակից «Ա1+»֊ին տեղեկացրել են, որ արդեն արձանագրվել է ահազանգը, և իրենց ներկայացուցիչները կգնան«Նուբարաշեն» ՔԿՀ:

Դատապարտված Արմեն Հակոբյանի կինը՝ Արմինե Սահակյանը, նշել է սակայն, որ ինքը մի քանի անգամ դիմել է ՄԻՊ գրասենյակ, բայց տարբեր պատճառներով չեն արձագանքնել․ «Ասել են՝ ոչ աշխատանքային է, բայց, ասենք, կարող էր երկուշաբթի կալանավորներից մեկին մի բան լինի։ Նրանք մարդու իրավունքները ոչ թե պաշտպանում են, այլ ոտանահարում են»։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կայքի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ կալանավորված անձանց նկատմամբ բռնի ուժ կիրառելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

«Կալանավորված անձինք այլ հարկաբաժիններ տեղափոխվելու ընթացքում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին և դիմել են ինքնավնասումների», – նշված է հայտարարության մեջ:

Բացի դրանից, նշված է հայտարարության մեջ, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները դիտարկել են վերոնշյալ խցերը և որևէ առարկությամբ հանդես չեն եկել` կապված պահման պայմանների հետ:

Tekali Taxi