Home / Ազգային ժողով / Փաշինյանն առաջարկում էր հաշվել պաշտոնյաների իրական փողերը․ ՀՀԿ֊ականները դեմ էին

Փաշինյանն առաջարկում էր հաշվել պաշտոնյաների իրական փողերը․ ՀՀԿ֊ականները դեմ էին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները:

Այսօր իր ծրագիրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացնելով՝ Փաշինյանն ասել է, որ թեև իր կողմից առաջարկվող հանձնաժողովի կարիքը վաղուց կար, նման նախաձեռնություն այս պահին ներկայացնելու առիթը «1000 դրամների» օրենքն է: Նրա խոսքով՝ այն ցույց է տալիս, որ պետությունը գումար չունի իր գործառույթները կատարել և հարկադրված է նոր հարկատեսակ սահմանել, քանի որ գումարներն այլ տեղ են գնում:

Նշենք, որ «1000 դրամների» օրինագիծը նախատեսում է 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցած մարտական գործողություններում սպանված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին դրամական օգնություն տալու համար հիմնադրամ ստեղծել: Հիմնադրամին պարտադիր կերպով 1000 դրամ են փոխանցում բոլոր աշխատողները: Օրենքը դժգոհություն էր առաջացրել, քննադատվել էր մի շարք պատգամավորների կողմից, սակայն Նիկոլ Փաշինյանը կողմ էր քվեարկել դրան՝ նշելով. որ հավաքված գումարները գնալու են ոչ թե իշխանությանը, այլ զոհված զինվորների ընտանիքներին:

Այսօրվա քննարկման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում Հայաստանի քաղաքացիներն «ի վերջո կունենան հարցի պատասխանը. թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ով ինչքան ունեցվածք կամ գույք է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում»:

Ըստ պատգամավորի՝ ներկայումս գործող բարձրաստիճան անձանց եկամուտների և գույքի հայտարարագրման մեխանիզմը հարցը չի լուծում: Առաջին՝ չկա մեխանիզմ ստուգելու՝ արդյոք պաշտոնյաները ճիշտ տեղեկատվություն են հաղորդում: Երկրորդ՝ ներկայումս հայտարարագրման կարգով պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, պաշտոնյայի հետ համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող զավակը միայն։

Հայտարարագրերը նաև չեն ներառում օֆշորային գործունեությունը և նոր գույք ձեռք բերելու փաստը:

ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը, օրինակ, Հովհաննես Սահակյանը, Փաշինյանի այսօրվա նախաձեռնությունը որակել են որպես նախընտրական քայլ: 

Փաշինյանը չի հերքել, որ սա կապ ունի նաև քաղաքական ակտիվության հետ: «Ընտրությունը քաղաքական բովանդակության քննարկում է:  Բա ի՞նչ անենք, քաղաքական բովանդակությունը դարակներում պահենք, գնանք կանֆետ, բրինձ, տոլմայի ֆարշ տանե՞նք ընտրողներին», – ասել է Փաշինյանը:

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկն ի վերջո մերժվել է: Կողմ է քվեարկել միայն ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Դեմ են քվեարկել 5 պատգամավորներ:

Tekali Taxi