Home / Բանտ / «Դատապարտյալների հիվանդանոց»-ի սահմանափակումները կապված են նոր պետի նշանակման հետ․ փաստաբան

«Դատապարտյալների հիվանդանոց»-ի սահմանափակումները կապված են նոր պետի նշանակման հետ․ փաստաբան

Փաստաբանին թույլ չեն տվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ի սենյակում տեսակցել իր պաշտպանյալին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանին․ վերջինիս ստիպել են իր ոտքով գնալ տեսակցության սենյակ։

Epress.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել է, որ նախկինում իրեն մշտապես հնարավորություն են տվել մտնել պալատ։

«Բայց այս անգամ չթողեցին, ու զոռով, ստիպելով նրան բերեցին։ Նրան հակացուցված է երկար ժամանակ քայլել, որովհետև շնչահեղձ է լինում։ Ինքն էլ արդեն պատմեց, որ էս ամառվա շոգին շնչահղձ են լինում, որովհետև դուռը չեն բացում, որ օդափոխություն լինի։ Միայն միջանցիկ քամու միջոցով է հնարավոր սենյակը օդափոխել, իսկ պատուհանը բացելով՝ ոչ մի բան չի փոխվի։ Օդորակիչներ էլ չկան, որ այդ միջոցով օդափոխությունը կատարվի»,- նշել է Գյուրջյանը։

Փաստաբանի խոսքով՝ Հակոբյանը նաև պատմել է, որ սենյակների դռներն արդեն քանի օր է կողպվում են, և իրենք չեն կարողանում անհրաժեշտության դեպքում օգտվել պետքարանից ու լվացարանից․ «Նախկինում ինքը կարար ազատ դուրս գար ու անհրաժեշտության դեպքում օգտվեր պետքարանից ու լվացարանից, իսկ այդ ընթացքում միջանցքում հսկիչն էր։ Սակայն հիմա արդեն այդպես չէ, և 6 կալանավոր ունեցող հարկը միայն մի հսկիչ է սպասարկում, որը բնականաբար չի կարող միաժամանակ մի քանի հոգու օգնել»։

Գյուրջյանն ընդգծում է՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նման կտրուկ փոփոխության միակ պատճառը կարող է լինել ՔԿՀ-ի նոր պետի նշանակումը։

«Ես այլ փոխված փաստական հանգամանք չեմ տեսնում, բացի պետի փոփոխությունը, որովհետև ես նաև տեղեկացել եմ, որ անգամ խուզարկություն է կատարվել դատապարտյալների սենյակներում։ Որևէ բան չեն գտել, հետևաբար նման սահմանափակման ոչ մի ուրիշ պատճառ չեմ տեսնում, բացի նոր պետի նշանակումը»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իրենք արդեն դիմել են Քրեակատարողական վարչություն և պահանջել, որպեսզի կամ օդորակիչներ տեղադրվեն սենյակներում և միջանցքում մի քանի հսկիչներ լինեն, կամ էլ անցում կատարվի հին ռեժիմին․ «Հակառակ դեպքում անմարդկային վերաբերմունք ենք մենք ֆիքսում, որի շարունակական լինելն իրենց օգտնին չէ»։

Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներն ու իրենց փաստաբանները կալանավորների նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների մասին բարձրաձայնել էին դեռևս հունիսի 15-ին։ Քրեակատարողական վարչությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ «ինչպես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ մյուս ՔԿՀ-ներում կալանավորված անձինք պահվում են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն»:

Tekali Taxi