Հայաստանը վերջին պահին հրաժարվել է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին մասնակցությունից։ Ինչպես հայտնել է Վրաստանի ՊՆ հանրության հետ կապերի պատասխանատու Գիորգի Կաչարավան, «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր Agile Spirit 2017 զորավարժություններին մասնակցելու մասին, բայց, ցավոք, վերջին պահին մեր հարևանները հրաժարվեցին մասնակցությունից»։
Հայաստանի ՊՆ֊ն տվյալ որոշումը որևէ կերպ չի մեկնաբանել։ Օգոստոսին Հայաստանը Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ֊ի «Արժանի գործընկեր 2017» բազմազգ զորավարժություններին։ Ավելի վաղ Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայության հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ զորավարժություններին երկրի շահերը հավասարակշռելու օրինակ է։
Agile Spirit 2017 զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ ծովային հետևակի հետ համագործակցությամբ՝ Սամցխե Ջավախեթիում։ Զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ֊ից, Բուլղարիայից, Լատվիայից, Ռումինիայից և Ուկրաինայից։
Միևնույն ժամանակ, այսօր Հայաստանի ՊՆ֊ն հայտնել է Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը մասնակցելու մասին։
Զորավարժությանը նաև մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ՀՕՊ զորքերը։ «Մարտական ընկերակցություն-2017»֊ի ակտիվ փուլը մեկնարկում է սեպտեմբերի 4֊ին։