Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Արմօյլ» նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում առանց բնապահպանական փորձաքննության կառուցում է նավթավերամշակման գործարան: Այս մասին գրում է Ecolur.org֊ը։
«Էկոլուր» ՀԿ֊ն հիշեցնում է, որ նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:
ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի փոխանցմամբ, ԲԸՏՄ-ի ղեկավարի կողմից այսօր հարուցվել է վարչական վարույթ` պարզելու համար «ԱրմՕյլ» ընկերության գործունեության օրինականությունը:
Գործարանի կառուցումը մեծ աղմուկ է առաջացրել Եղվարդ քաղաքում, բնակիչները իրավիճակը անվանում են «էկոլոգիական աղետ», իսկ կառուցվող գործարանը` «ատոմային ռումբ»:
Armtimes.com֊ը ավելի վաղ տեսանյութ է հրապարակել Եղվարդից, որտեղ գործարանի կառուցմանը դեմ են հատկապես Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները՝ մոտ 80 ընտանիք, որոնց տներից մոտ 50 մետր հեռավորության վրա է շինարարությունն ընթանում:
«Նախորդ տարվանից սկսել են: Ոչ բնակիչներին, ոչ ոքի տեղյակ չեն պահել՝ ինչ գործունեություն են ծավալելու։ Եթե նախատեսվում է յուղի արտադրություն, մենք բնակիչներով պետք է տեղյակ լինենք՝ յուղի արտադրությո՞ւն է, թե՝ ոչ: Կամ եթե յուղի արտադրություն լինի, բնակիչներ են ապրում, երեխաներ են ապրում, հրդեհավտանգ է»,- ասել է թաղամասի բնակիչներից Արթուր Թումասյանը։
Եղվարդցիները հավաստի տեղեկություններ չունեն, թե ում է պատկանում «ԱրմՕյլ» ընկերությունը։
«Մենք այդ տեղեկությունները չենք կարող համարել հավաստի․․․ Այն ժամանակ, երբ կառույցը կանգնել է և չեն շարունակել շինարարությունը, իմացանք, որ Գագիկ Ծառուկյանը 50 տոկոս ներդրում ունի այս բիզնեսի մեջ, այդ ժամանակ շարունակվեց շինարարությունը»,֊ ասել է Թումասյանը։