Անցյած շաբաթ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մի խումբ լրագրողների համար դեպի Վայոց Ձոր մեդիա-տուր էր կազմակերպել: Այցելության թեման ժողովրդագրությունն էր, իսկ մարզը ընտրվել էր, քանի որ ունի երկրորդ վատագույն ցուցանիշը՝ Հայաստանում բնակչության նվազման տեմպերի առումով: Առաջինը Գեղարքունիքն է:
Լրագրողները նախ հանդիպել են Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզի գործակալության պետի՝ Առուշան Ղազարյանի հետ: 30 տարի գործակալությունում աշխատող վիճակագրագետը բնակչության թվի նվազման, մասնավորապես, երկրից հեռացած մարդկանց թվի որակական հետազոտություն չի ներկայացրել լրագրողներին՝ ասելով, որ նման ծավալուն հետազոտություններն անում են Երևանում: Ղազարյանը, սակայն, նկատել է, որ քաղաքային բնակչությունից դեպի գյուղ տեղափոխվողների թիվն է մեծ. մարդիկ, ովքեր գյուղում սեփականություն ունեն, տեղափոխվում են, որ իրենց հողակտորից էլ մշակեն, եկամուտ ստանան:
Առուշանյանի հետ հանդիպումից հետո լրագրողները ցանկացել են այցելել որոշ գյուղեր: Որոշեցինք այցելել ամենավատ պայմաններն ու ամենանվազող բնակչությունն ունեցող համայնքները: Սկսեցինք Հերհերից, ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով չայցելեցինք Կարմրաշեն, փոխարենը գիշերով հասանք Զեդեա: Ավելի շատ համայնքներ այցելելու ժամանակ չմնաց, քանի որ հաճախ կանգնում էինք գյուղական միջավայրի կադրեր վերցնելու՝ աշուն, ձիեր, արոտավայրից տուն գնացող հովիվներ, անապահով տեսք ունեցող մարդիկ ու նրանց անմանկապարտեզ մնացած երեխաներ: Լրագրողները փորձում էին հասկանալ՝ ինչու էին այդ գյուղերը դատարկվում, ինչու է ծնելիության մակարդակը իջնում, դպրոցներում երեխաների թիվը քչանում: Տեղացիները գերադասում էին խոսել և դժգոհել երկրի ընդհանուր տնտեսական վիճակից և համատարած աղքատությունից՝ չկենտրոնանալով իրենց գյուղերի խնդիրների վրա:
Ճանապարհների ասֆալտը թեև տեղ-տեղ չկա, սակայն ամենացուրտ ձմեռներին էլ մարզային քաղաքների՝ Վայքի և Ջերմուկի հետ, կապը չեն կորցնում: Պարզեցինք նաև, անասուն ունեն բոլորը, որևէ խոչընդոտ չկա այդ առումով: Շարունակեցինք պարզել՝ ինչու գյուղերում երեխաներ չեն ունենում: Հանդիպացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ.
– Ծնելիության մակարդակը իջնում է հատկապես գյուղական համայքներում. 1995-2015 թվականներին մեկ կնոջ հաշվով ծնելիությունը 2,3-ից իջել է մինչև 1,5-ի: Ծնելիության մակարդակը այն չէ, ինչը ցանկալի կլիներ: Մենք որպես նպատակ դրել ենք մի ընտանիքում նվազագույնը երեք երեխա մոդելը, որովհետև դա այն ցուցանիշն է, որ ապահովում է աճ: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր երեխայի ծնունդը ոչ թե պետք է լինի բեռի ավելացում, այլ հակառակը. պետք է բերի կա՛մ ընտանիքի եկամուտի ավելացման, կա՛մ ծախսերի նվազեցման:
Նախարարը պատմել է՝ որ ծրագրերն են ապահովելու բնակչության բնական և մեխանիկական աճը՝ իրատեսական դարձնելու համար Սերժ Սարգսյանի խոստումը. մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը լինելու է 4 միլիոն: ”Նախագահի կողմից հնչեցված տեսլականը, որ մինչև 2040 թվականը բնակչութւյունը լինելու է 4 միլիոն, բոլորիս համար պարզ է, որ դա այլևս ազգային անվտանգության խնդիր է”:
Հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ 4 միլիոն մարդ, արդյո՞ք երկրում կա արդյունաբերություն, աշխատատեղեր, ենթակառուցվածքներ, որոնցից օգտվողներ չկան: Եթե կան, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթել: Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ 4 միլիոն բնակչությունը անհրաժեշտ է՝ նախ Հայաստանի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով:
“Պետության համար իր ներքին շուկայի մեծությունը շատ կարևոր է: Ներքին շուկան ենթադրում է համապատասխան ներդրումներ, համապատասխան ծառայություններ: Եթե դու ունես փոքր շուկա, ներդրումների հնարավորությունները սահմանափակ են: Ես կարծում եմ՝ շատ պարզ ու տրամաբանական է. մենք որքան շատ լինենք թվաքանակով, այնքան մեր բնակչության համար ավելի լավ”, – պատասխանել է Արտեմ Ասատրյանը: