Home / Բնապահպանություն / «Մեր ոսկին մեր բնությունն է»․ Լոռու 5 համայնքների բնակիչները տապալել են հանքի բացման լսումները

«Մեր ոսկին մեր բնությունն է»․ Լոռու 5 համայնքների բնակիչները տապալել են հանքի բացման լսումները

Լոռու մարզի 5 գյուղերի բնակիչներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել իրենց հարևանությամբ ոսկու և բազմամետաղի հանքավայրը շահագործելու ծրագրի դեմ։ Այսօր Մղարթ համայնքի կենտրոնում պետք է կայանային հանրային լսումներ․ հանքարդյունաբերական «Միռամ» ՍՊԸ-ն պետք է ներկայացներ իր ծրագիրը։ Ադվին, Մղարթ, Արևածագ, Այգեհատ և Օձուն գյուղերի բնակիչները թույլ չեն տվել, որ լսումները կայանան՝ փակելով մուտքը դեպի քննարկման դահլիճ։

Բնակիչները պաստառներ ունեին՝ «Մեր ոսկին մեր բնությունն է», «Հեռու Արդվինից», «Արդվինը հայոց սրբավայր է» գրառումներով։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Epress.am-ին հայտնել է, որ այն բանից հետո, երբ իրենք փակել են քննարկման վայր տանող ճանապարհը, Բնապահպանության նախարարության աշխատակիցները և «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները փորձել են այլ ճանապահով մոտենալ շենքին, ինչը ևս կանխվել է։

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ բնակիչները կազմել են արձանագրություն, որում գրել են, որ բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը։

Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ հանքի շահագործումը կազդի խմելու և ոռոգման ջրի վրա, և իրենք չեն կարողանա զբաղվել գյուղատնտեսությամբ։ «Հենց սկսեցին պայթեցնել, ջրերը կտրվելու են։ Նախկին գյուղապետի հետ ընկել էինք դռնեդուռ․ ո՞վ օգնեց, որ էս գյուղում ջուր քաշենք, ոչ մեկը չօգնեց»,֊ ասել է բնապահպաններից մեկը։