«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը, որը 22 օր է հացադուլի մեջ է գտնվում, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արմինե Ֆանյանը։
«Վիճակը վատ է, շատ վատ։ Ճնշումը շատ ցածր է, բայց ինքը ոչ մի կերպ չի հրաժարվում հացադուլից մինչև իր պահանջը չկատարվի։ Պահանջը նույնն է․ պատշաճ բժշկական հետազոտությունների հետ բուժում, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում, նաև՝ պաշտպանյալս ցանկանում է տեղափոխվել Արմավիր ՔԿՀ՝ մենակ խուց, բարվոք պայմաններով, քանի որ Նուբարաշեն ՔԿՀ֊ում իր խուցն ուղղակի անհամատեղելի է իր առողջական վիճակի հետ»,֊ ասել է Ֆանյանը։
Նշենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խցեր, հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ նրանց առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն։
«ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները և՛ տոն օրերին, և՛ հունվարի 8֊ին այցելել է պաշտպանյալիս։ Ոչինչ չի փոխվում։ ՄԻՊ֊ի աշխատակազմը, իհարկե, մտնում է, գրանցում իրավիճակը և այլն, դիմում է հասցեագրել նաև Արդարադատության նախարարին։ Մենք ավելի վաղ նույն դիմումը հասցեագրել էինք, բայց ոչինչ չի փոխվում։ ՄԻՊ գրասենյակի գործողություններից հետո ոչինչ չի փոխվում և սա արդեն գնահատական է», ֊ ասել է Ֆանյանը։