Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը Հայաստանում երկրորդ անգամ է գրաքննության բախվել։ Գրքի թարգմանության նախաձեռնող Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է, որ «Նոյյան տապան» գրախանութը ևս, ինչպես ավելի վաղ Եղիշե Չարենցի տուն֊թանգարանը, խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է տարածք տրամադրել գրքի շնորհանդեսի համար։ Այն պետք է կայանար փետրվարի 7-ին։
««Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց և նույնիսկ հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։ Այս առիթով որևէ այլ մանրամասնություն ինձ հայտնի չէ։ Իմ՝ մինչ այս պահը տված հարցազրույցներում նշել եմ, որ դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա՝ արդյո՞ք Չարենցի տուն-թանգարանի միջադեպը ճնշումների արդյունք էր, թե՝ ոչ։ Այժմ միանշանակ պնդում եմ, որ այս երկու հայտնի և բազմաթիվ չհրապարակված մերժումները հետևանք են քաղաքական ճնշումների և ուղղված են գրքի բովանդակության տարածման դեմ։ Սա բացահայտ և ուղիղ գրաքննություն է։ Անկախ ներկա պայմաններից և ստեղծված իրավիճակից, ես իմ համերաշխությունն եմ հայտնում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և «Նոյյան տապան» գրախանութի աշխատանքային անձնակազմերին, բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այլ հատնի ու անհայտ դեպքերում տուժել են Հայաստանի Հանրապետությունում հռչակված խոսքի, մտքի, տեղեկատվություն տարածելու և ստանալու, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սահմանադրական այլ ազատությունների դեմ ուղղված ոտնձգություններից»,֊գրել է Միքայել Նահապետյանը։
Նշենք, որ ավելի վաղ Մշակույթի նախարարությունը Epress.am-ին հայտնել էր, որ Չարենցի տուն թանգարանում գրքի շնորհանդեսի հետ ոչ մի առնչություն չունի։