Home / Հայաստան / Բրիտանական ընկերության փաստաթղթերի համաձայն, Արմեն Սարգսյանը չի կարող հավակնել նախագահի պաշտոնին․ Հետք

Բրիտանական ընկերության փաստաթղթերի համաձայն, Արմեն Սարգսյանը չի կարող հավակնել նախագահի պաշտոնին․ Հետք

Բրիտանական ընկերության փաստաթղթերում Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, ինչը թույլ չի տալիս նրան հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին։ Նրան այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է արել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, գրում է hetq.am֊ը: Նա այդ ընկերության տնօրեններից մեկն է եղել:

«Հայաստանի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներից մեկը նրա՝ վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքն է: Արդյո՞ք Արմեն Սարգսյանը համապատասխանում է այս պահանջին:

Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանը «Հետք»-ին ասել է, որ Սարգսյանը երկքաղաքացի է եղել 2002-2011թթ.: Դրանից հետո նա հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի: Մինչդեռ բրիտանական ընկերությունների ռեգիստրում հրապարակված փաստաթղթերը կասկածի տակ են առնում այս տեղեկությունը», ֊ նշում է կայքը:

Սարգսյանը Eurasia House International-ի տնօրեն է նշանակվել 2002թ-ին: Այդ ժամանակ նա գրանցվել է որպես Հայաստանի քաղաքացի, սակայն 2005-ից վեր, ընկերության բոլոր տարեկան փաստաթղթերում Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի: Վերջին տարեկան փաստաթուղթը հրապարակվել է 2014թ-ին: Հաջորդ տարում ընկերությունը լուծարվել է և այլ հաշվետվություններ հրապարակված չեն: Այսինքն, ինչպես վկայում են բրիտանական ռեգիստրի փաստաթղթերը, դեռ 4 տարի առաջ Արմեն Սարգսյանը ընկերության հաշվետվություններում ներկայացել է Բրիտանիայի քաղաքացի:

Tekali Taxi