Բրիտանական ընկերության փաստաթղթերում Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, ինչը թույլ չի տալիս նրան հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին։ Նրան այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է արել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, գրում է hetq.am֊ը: Նա այդ ընկերության տնօրեններից մեկն է եղել:
«Հայաստանի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներից մեկը նրա՝ վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքն է: Արդյո՞ք Արմեն Սարգսյանը համապատասխանում է այս պահանջին:
Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանը «Հետք»-ին ասել է, որ Սարգսյանը երկքաղաքացի է եղել 2002-2011թթ.: Դրանից հետո նա հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի: Մինչդեռ բրիտանական ընկերությունների ռեգիստրում հրապարակված փաստաթղթերը կասկածի տակ են առնում այս տեղեկությունը», ֊ նշում է կայքը:
Սարգսյանը Eurasia House International-ի տնօրեն է նշանակվել 2002թ-ին: Այդ ժամանակ նա գրանցվել է որպես Հայաստանի քաղաքացի, սակայն 2005-ից վեր, ընկերության բոլոր տարեկան փաստաթղթերում Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի: Վերջին տարեկան փաստաթուղթը հրապարակվել է 2014թ-ին: Հաջորդ տարում ընկերությունը լուծարվել է և այլ հաշվետվություններ հրապարակված չեն: Այսինքն, ինչպես վկայում են բրիտանական ռեգիստրի փաստաթղթերը, դեռ 4 տարի առաջ Արմեն Սարգսյանը ընկերության հաշվետվություններում ներկայացել է Բրիտանիայի քաղաքացի: