Գլխավոր / Հայաստան / Ազատության հրապարակում նշել են Ղարաբաղյան շարժման 30-ամյակը

Ազատության հրապարակում նշել են Ղարաբաղյան շարժման 30-ամյակը

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նշում էին Ղարաբաղյան շարժման 30֊ամյակը։ Միջոցառումը կազամերպել էր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը։ Հրապարակում ցուցադրվում էին արխիվային նյութեր՝ պաստառներ, լուսանկարներ և թռուցիկներ՝ 88-ի շարժան երթերից։

«Գոնե պետք է զգանք, որ մենք ենք անկախություն բերել, մենք ենք հանրաքվեով երկիր անկախացրել, մենք ենք սահմանադրություն ընդունել՝ իրական քվեով։ Այս հրապարակի առավելությունը եղել է ըմբոստ քաղաքացին։ Քաղաքացին, որ էս շարժման արդյունքում դարձավ առանց բարդույթի ապրող մարդ։ Էս հրապարակը Օպերայի հրապարակից դարձավ Ազատության հրապարակ։ Էդ շարժման արդյունքն առանց վախ, առանց կոմպլեքսի քաղաքացի, ինչն այսօր դարձել է դեֆիցիտ։ Մարդիկ կամ վախեցած են կամ արտագաղթում են», ֊ ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն ասել է, որ Ղարաբաղյան շարժման, ինչպես նաև այլ պատմական իրադարձությունների մասին պալատական պատմաբաններն այժմ լռում են։

«2000-ականների սերունդը չգիտի՝ ինչ է Մարտի 1-ը։ Ու դա արված է այսօրվա ակադեմիական շրջանակների, պալատական հլու ծաղրածուների, որոնք կոչվում են պատմաբան, ենթակայության ներքո։ Հիտլերն ասում էր՝ ինձ տվեք դասագիրք գրելու իրավունք, և ես կվերցնեմ իշխանությունը։ Այս իշխանությունն ինչ սովորել֊չի սովորել, երևի այդ մի նախադասությունը լավ է սովորել»,֊ ասել է Թոքմաջյանը։

Հավաքվածներին խնդրեցինք գնահատել անցած 30 տարիները, անկախ Հայաստանի առկա տնտեսա֊քաղաքական իրավիճակը։

Բանասեր, քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանն ասել է․ «Մեր պետականությունը դեռևս դասական իմաստով պետականություն չի, բայց չպիտի հրաժարվենք դրանից կամ դժգոհենք։ Ընդհակառակը, պետք է ավելի պայծառացնենք, չնայած իշխանությունների չար կամքի»։

Մանրամանսերը՝ տեսանյութում․