Home / Բանակ / Սեֆիլյանի մեղավորությունը այդպես էլ չապացուցվեց

Սեֆիլյանի մեղավորությունը այդպես էլ չապացուցվեց

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանին քրեական մեղադրանք առաջադրելու համար ՀՀ իրավապահ համակարգը շուրջ 2 տարի ներդրել էր իր ողջ ռեսուրսը՝ ԱԱԾ, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, Ոստիկանություն։ Քրեական գործը, սակայն, դոփում էր տեղում ավելի քան մեկ տարի՝ չտալով ոչ մի ապացույց՝ Սեֆիլյանին կալանավորելը հիմնավորելու համար։ Այս մասին դատարանում իր մոտ 5 ժամ տևած պաշտպանական ճառում ասել է Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

«Սեֆիլյանին ի վերջո կալանավորեցին 2016 թվականի մայիսի 20-ին, քանի որ մեկ օր առաջ՝ Սեֆիլյանը «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարություններ էր արել Սերժ Սարգսյանի մասին։ Այդ մեկը չէր կարող ներվել ոչ թե Սեֆիլյանին, այլ իրավապահներին», – ասել է փաստաբանը։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Սեֆիլյանը նշված հարցազրույցում խոսել էր Հանրապետական կուսակցության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղյան պատերազմում ունեցած մասնակցության մասին․ «Իսկ պատերազմին Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ բազմիցս նշել եմ, որ նա, ըստ էության, պահեստապետ է եղել և զբաղվել է իրեն վստահված պահեստից կաշառքի միջոցով իր համար կարիերա և շրջապատ ստեղծելու գործով։ (..) Շատ անգամ ենք ասել, հիմա էլ ստիպված ենք կրկնել, որ այդ մարդը ոչ մի առումով ադեկվատ չէ և չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Նրա բաժինը միայն ազգային շահը ծախելով իր կառավարումն ու թալանն ապահովելն է»։

Մինչ այդ, չունենալով ապացույցներ, քննիչները 2016 թվականի հունվարի 12-ին Սեֆիլյանին կանչում եմ իբր հարցաքննության, սակայն իրականում սպառնալու, որ նա դադարեցնի իր քաղաքական գործունեությունը։ Ըստ Արայիկ Պապիկյանի՝ պատահական չէ, որ հունվարի 14-ին՝ ՊՆ֊ից հեռանալու դիմում է գրում դիպուկահար Սմբատ Գալոյանը, ով ներդրվում է Սեֆիլյանի ընկերների մեջ՝ նոր ապացույցներ ստեղծելու համար։ Այսպես՝ Գալոյանը մոտենում է Սեֆիլյանի մտերիմներից Սիմոնյանին և առաջարկում իր և ևս 300 զինյալների ծառայությունը։ Այս հանգամանքը դրված է գործում որպես ապացույց, բայց դատարանը թույլ չի տվել պաշտպանական կողմին դատարանում հարցաքննել Գալոյանին՝ պարզելու այդ 300 զինյալները իր անձնական զինյալներն էին, թե կապ ունեն Սեֆիլյանի հետ։ «Այս գործում կան 3 դիպուկահարներ։ Փաստորեն, ՊՆ դիպուկահարները միաժամանակ և ԱԱԾ գործակալներ են, կամ հանցագործներ», – ասել է Պապիկյանը։

Սեֆիլյանի դեմ ապօրինի քննչական գործողությունները, ըստ պաշտպանի, սկսվել են դեռ 2015 թվականի փետրվարից, երբ նրան մեղադրում էին «Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը կազմակերպելու մեջ։ Նախաձեռնության գործողությունները, ըստ քննիչների, զանգվածային անկարգությունների փորձ էր։

Պապիկյանն ասել է, որ 2015-2016 թվականների ընթացքում Սեֆիլյանին գաղտնալսել են, արտաքին դիտում են իրականացրել, որոնց մասին դատական որոշումներ չեն եղել։

«Դրանց մասին ենթադրում ենք այս քրեական գործի նյութերից», – ասել է Պապիկյանը։ Նյութերից պաշտպանը տեղեկացել է, որ գաղտնալսվել են Սեֆիլյանի հետ կապված 6 հեռախոսահամարներ, որոնցից միայն մեկն էր իր հեռախոսահամարը, իսկ մյուս հինգում կային անգամ քաղաքային հեռախոսահամարներ։

Փաստաբանը հարց է տալիս՝ ինչո՞ւ քննիչներն այդքան հետևողական չեն եղել այլ հարցերում, օրինակ, չեն փորձել պարզել՝ որտեղ է անհետացել գործի ապացույց «հեռախոսը», որով, ըստ գործի, գաղտնաբառեր են փոխանակվել, ո՞ւմ հետ է facebook սոցիալական ցանցով խոսել վկա Դավիթ Մելիքյանը, ո՞ւմ հայտարարություններն ավելի են նման բռնության կոչի, քան Սեֆիլյանի որևէ հայտարարություն։ ԱՄՆ֊ում բնակվող Մելիքյանն, օրինակ, գրել է․ «Ուզում են տետորիստ անվանել, ուզում են ասել, ապստամբեք զենքի ուժով»։

Ըստ պաշտպանական կողմի, բոլոր «ապացույցները» գործում հայտնվել են Գալոյանի և մեկ այլ մեղադրյալի՝ Հովհաննես Պետրոսյանի ձեռքով։ Պետրոսյանը, հիշեցնենք, միակ մեղադրայլն է, ով դատարանում ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ և հայտարարել է, որ Սեֆիլյանն իրեն է փոխանցել հեղափոխության զենքերը։ Նա ասել է, որ զենքերը տեղափոխել են Գալոյանը և ինչ-որ անհայտ վարորդ, ընդ որում, վարորդն ու Գալոյանն իրար չէին ճանաչում։ Պապիկյանի խոսքով, զենքեր, եթե լինեին, չէին վստահվի Գալոյանին (ում միայն Պետրոսյանն էր ճանաչում) և ինչ-որ անհայտ մարդու։

«Այս ամենը պարզելու ցանկություն չունեին, կար միայն մեղադրանքը հաստատելու ցանկություն», – ասել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համար մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։