Home / Բանտ / 39 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի վիճակը ծանր է․ փաստաբան

39 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի վիճակը ծանր է․ փաստաբան

39 օր հացադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ 43-ամյա Արկադի Պապյանի վիճակը երեկ կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Epress.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ամրամ Մակինյանը նշել է, որ հիվանադանոցում կաթիլային ստանալուց հետո Պապյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ, սակայն, ըստ փաստաբանի, նրա վիճակը շարունակում է ծանր մնալ։

Սպանության մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Պապյանի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել։ Ըստ դրա՝ նա մի քանի ամիս շարունակ «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին կաշառք է տվել և դրա դիմաց նրան արտոնություններ են տրվել: Գործը գտնվում է դատարանում (նոր գործով պայմանավորված Պապյանին «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ֊խմբ․)։

Հացադուլով Պապյանն իր բողոքն է արտահայտում վարույթ իրականացնող մարմնի  և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի դեմ։ Նա պնդում է, որ առաջադրված մեղադրանքը քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ:

Հարցին, թե ինչի հետ է կապում Պապյանն իր նկատմամբ այս հետապնդումը, պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալն ունի իր վարկածը, սակայն դեռ չի ցանկանում դրա մասին բարձրաձայնել։

«Բայց ամեն դեպքում նշեմ, որ Պապյանը ասում է՝ այդ մեղադրանքը ինչ-որ մարդկանց պատվերն է», – եզրափակել է պաշտպանը։