Գյումրեցի 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության մեջ միակ մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանը մարտի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Մահացածի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, սակայն, պնդում է, որ որդու սպանությունը եղել է խմբակային և դիտավորյալ։
Մեղադրանքի համաձայն՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 22:15-ին, Գյումրիում՝ Ադանալյանների տանը, ճաշկերույթ է եղել։ Դրա ժամանակ Արտյոմ Ադանալյանը դիտողություն է արել իր հորը՝ Ավետիքին, դրան էլ միջամտել է Արթուր Մարտիրոսյանը՝ երիտասարդին անվանելով «Արտյոմիկ»։ Վերջինս էլ նրան է անվանել «Արթուրիկ»։ Կռիվ է սկսվել, որի ժամանակ էլ Մարտիրոսյանը դանակով հարվածել է Արտյոմ Ադանալյանին։
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Ռուզաննա Ադանալյանը նշել էր, որ միմյանց «իկ»-ով դիմելու համար չէր կարող վիճաբանություն սկսվել․ «Սպանության մոտիվը հորինված է։ Սա դիտավորությամբ կազմակերպված սպանություն է»։ Կինը պնդել է, որ իր որդուն միայն Արթուր Մարտիրոսյանը չի սպանել։ Սպանության մասնակից է եղել նաև վերջինիս մոտ ընկերը, իրենց հարևան Հովհաննես Թոփչյանը, որը ներկա է եղել խնջույքին, սակայն նախաքննական մարմինը չի անդրադարձել դրան։
Կասկածը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դեպքից մի քանի օր հետո Թոփչյանը մեկնել է Հայաստանից։ Միայն կնոջ հորդորներից հետո՝ ամիսներ անց, երբ Թոփչյանը բացակայում էր երկրից, խուզարկել են նրա բնակարանը և հագուստներ են վերցրել։ Դրանց վրա հայտնաբերվել են դեպքի օրը ներկաներից մի քանիսի հագուստների մանրաթելեր։
Խնջույքին, կնոջ տեղեկություններով, ներկա են եղել 13 հոգի, այդ թվում՝ տուժողը և մեղադրյալը։ Չնայած կինը չի բացառում, որ այլ մարդիկ նույնպես եղած լինեն այդ հավաքին։ Որպես վկա են ներգրավվել սակայն միայն 8 հոգի, 3 հոգի չեն ներգրավվել։
Վկաներից յուրաքանչյուրի գործողությունները, կնոջ խոսքով, իրավական գնահատական չեն ստացել․ «Բոլորը կազմակերպված ձևով մի քանի հարցի են պատասխանել, և մի մասը հեռացել է Հայաստանից»։
Նա նաև նշել էր, որ Արտյոմ Ադանալյանի դին եղել է մաքուր, լվացված վիճակում։ Դիակի լողացված լինելու մասին ոչ քննիչը, ոչ էլ դատաբժիշկը չեն նշել: Ոչ մի վկայի ոչ մի հարց չի տրվել և գործով չի պարզաբանվել, ի վերջո, ով կամ ինչու է լողացրել Արտյոմ Ադանալյանին:
Ըստ պաշտոնական վարկածի, տղան դանակի 2 վնասվածք է ստացել։ Մոր պնդմամբ՝ ակնհայտ երևացել է, որ վնասվածքները երկու տարբեր դանակներով են հասցվել։ Մայրը նշում է, որ դա էլ հիմք է տալիս կասկածելու, որ սպանողը մեկը չէ եղել։
Ադանալյանը համոզված է` որդու սպանությունը պատվիրված էր իր հետ վարչական վեճ ունեցող չինովնիկ, վաշխառու Լուսինե Գինոսյանի կողմից և իրականացվել է խմբի կողմից։
Ըստ կնոջ՝ որդու սպանությունը կազմակերպվել է Լուսինե Գինոսյանին Վերաքննիչ դատարանում հաղթելուց և «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վաշխառության մասին հաղորդման ժամանակ ելույթ ունենալուց հետո։ Այդ դեպքերից մեկ ամիս անց է Արտյոմը սպանվել։