Home / Բանակ / Ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է

Ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է

Երեկ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Հրազենով զինված այս ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում, հակառակ այն հանգամանքի, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորուման» անդամ Դանիել Իոաննիսյանը։

Համաձայնագրերը

1997 թվականին ստորագրվեց և 2002 թվականին ուժի մեջ մտավ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիրը»: Դրա 1-ին հոդվածով թվարկվում են կողմերի իրավապահ մարմինները, որոնք ունեն պայմանագրով ամրագրված իրավասություններ:

Մի կողմ թողնելով բուն իրավասությունների քննարկումը (որը քննարկել ենք Պերմյակովի դեպքի ժամանակ)՝ արձանագրենք, որ պայմանագրով ամրագրված չէ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության որևէ իրավասություն ո´չ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ներսում և ո´չ էլ դրանից դուրս:

Պայմանագրով տարբեր իրավասություններ ունեն ՌԴ զինվորական դատարանները, զին. դատախազությունը, անվտանգության դաշնային ծառայությունը և այլն: Ռազմական ոստիկանության մասին որևէ խոսք չկա և չի էլ կարող լինել, քանի որ այդ մարմինը ստեղծվել է պայմանագրի ստորագրումից հետո՝ 2011 թվականին:

Այլ կերպ ասած՝ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու որևէ իրավասություն չունի: Ընդ որում, ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության կողմից պարեկություն իրականացնելը, բնականաբար, որևէ կերպ նախատեսված չէ նաև 2000 թվականի ստորագրված «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ՌԴ ռազմական կազմավորումների ամենօրյա գործունեության և կայազորային ծառայության կազմակերպման մասին» պայմանագրով:

Զենք կրելը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության անձնակազմը ստանալու է նաև «հրազեն, ռազմական տեխնիկա ու հատուկ միջոցներ»: Այնինչ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինծառայողների կողմից հրազենի կրումն ու կիրառումը խստորեն ամրագրված է «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականի համաձայնագրում:

Մասնավորապես, նշված համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի տեղաբաշխման կետերից դուրս «որպես ծայրահեղ միջոց կարող է տրվել զենք»: Ընդ որում, այդ զենքը կարող է պահվել, կրվել և օգտագործվել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար):

Կարգապահության պահպանման կամ ճանապարհային երթևեկության ապահովման համար զենք պահելու, կրելու կամ առավելևս օգտագործելու իրավունք ՌԴ Զինված ուժերի (այդ թվում՝ ՌՈ) ծառայողները չունեն:

Հիշեցում

Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ և կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին, վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը:

2015 թվականի դեպքերի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերի խախտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր: