Լոռվա մարզի դատարանում սկսվել է Չեխիայի քաղաքացի Էվան ընդդեմ ՀՀ քաղաքացի Արմեն Ֆռանգյանի գործով դատավարությունը։ Կինը մեղադրում է Ֆռանգյանին իր վրա հարձակվելու, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Գործի առարկա դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին, երբ կամավորական ծրագրով Վանաձորում բնակվող էվան հեծանիվով անցնելիս է եղել հարակից Գուգարք գյուղով։
Դատարանում Ֆռանգյանը պահանջել է փակ դատավարություն։ Նրա պաշտպան Կարինե Գասպարյանն ասել է․ «Եթե մեղադանքը կա, չի նշանակում, մարդուն կարելի է խայտառակ անել։ Անձը ունի ընտանիք, կին, մանկահասակ երեխա»։
Մեղադրող դատախազն առարկել է՝ ասելով, որ այս դեպքում տուժողի անձի վերաբերյալ տվյալներ է ուսումնասիրվելու և, եթե վերջինս դեմ չէ, նիստը պետք է ընթանա դռնբաց։
Նախագահող Սուրեն Բաղդասարյանը միջնորդությունը բավարարել է մասնակի։ Նա թույլատրել է բաց նիստ անել մինչև ապացույցների ներկայացման, տուժողի և ամբաստանյալի հարցաքննության փուլերը։
Հատկանշանական է, որ դեպքը մանրամասներով հրապարակվել է դեռ նախաքնության փուլում, ինչի համար Էվան դատի է տվել նաև ոստիկանությանը՝ իր վերաբերյալ անձնական տվյալները՝ հասցեն, տարիքը, դեպքի մանրամասն նկարագրությունը, մասնավորապես, shamshyan.com-ում հրապարակելու համար։
Այդ հրապարակումներից հետո կնոջ տուն և աշխատավայր են եկել Արմեն Ֆռանգյանի հարազատները և խնդրել հետ վերցնել բողոքը։ Նրան ասել են, որ Արմենը տան միակ կերակրողն է, ունի փոքր երեխա։
Էվան դժգոհություններ ունի նաև ոստիկանության և դատաբժիշկների տարած ոչ պրոֆեսիոնալ նախաքննությունից՝ մասնավորապես ոստիկանների մոտ նման գործերի նկատմամբ զգայունության բացակայությունից։
«Դատաբժիշկը հարցրեց՝ որտեղից գիտեմ այս տղային, ես ասացի, որ չեմ ճանաչում նրան, նա ուղղակի հարձակվել է վրաս, ես երբեք նախկինում չէի տեսել այդ տղային և կցանկայի այլևս երբեք չտեսնեի, թեև հավանաբար կտեսնեմ դատարանում։ Ասաց՝ չէ, չէ, դու հարցը չհասկացար՝ ինչքա՞ն ժամանակ է գիտես այդ տղային։ Ասացի՝ ի՞նչ եք անում, դա չէ ձեր գործը չէ, դուք պետք է իմ կապտուկները նայեք և չտաք այդ հարցերը, դուք ունեք գրված նկարագիրը, գրեք, ինչ պարտավոր եք», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Էվան։
Կինը կարևոր է համարում նման հարցերի վեր հանումը, քանի որ շատ կանայք են սեռական բռնության ենթարկվում, սակայն լռում են տեղի ունեցածի մասին։ «Ես նույնիսկ էլիտար դիրքում եմ հիմա, այլ երկրի քաղաքացի եմ, լավ փաստաբան ունեմ, իսկ ինքը աղքատ տղա է՝ գյուղից։ Հարցը այն չէ, որ ես ատելություն ունեմ նրա հանդեպ, ուղղակի այս հարցերի մասին պետք է խոսել, պետք է հրապարակվի, իսկ շատ մարդիկ լռում են։ Այստեղի մարդիկ չեն խոսում, քանի որ վախենում են կրկնակի զոհ դառնալուց, բայց ես հեռանալու եմ այս երկրից և ստիպված չեմ լինի այդ խնդրի մասին մտածել, ես ավելի ազատ եմ ինձ զգում, ես ուզում եմ աջակցել այլ կանանց, որոնք այս պրոբլեմի հետ առնչվում են», – ասել է նա։
Ի աջակցություն Էվայի մի խումբ ֆեմինիստ կանայք իրազեկման ակցիա են անցկացրել Վանաձորում դատարանի դիմաց։ Նրանք կանանց հանդեպ սեռական բռնություն դատապարող պաստառներով էին և թռուցիկներ էին բաժանում հետևյալ բովանդակությամբ․
«Մեզանից շատերը բազմիցս բախվել են բռնաբարության փորձերի ու սեռական ոտնձգությունների: Մենք խոսել ենք այդ մասին կամ որոշել ենք լռել, դիմել ենք ոստիկանություն կամ փորձել ենք մոռանալ դրա մասին, սակայն այս երևույթը շարունակում է տեղի ունենալ կրկին ու կրկին:
Հատկապես, երբ կինը որոշում է մենակ ճամփորդել, նա բախվում է սեռական ոտնձգության ու բռնության ամեն քայլափոխի: Մեզ ծանոթ ու անծանոթ տղամարդիկ՝ լինեն տաքսու վարորդներ, կին ճանապարհորդներին ավտոստոպով որևէ տեղ տանող, թե փողոցում հանդիպող պատահական տղամարդիկ, նորից ու նորից պարտադրում են իրենց սեռական ցանկությունը՝ առանց մե՛ր ցանկությունների նկատմամբ որևէ հարգանքի. նրանք մեր աչքի առջև ձեռնաշարժությամբ են զբաղվում եւ առանց մեր համաձայնության դիպչում են մեր մարմնին: Սակայն է՛լ ավելի ողբերգական է այն փաստը, որ մեր հասարակությունը նույնիսկ չի էլ հավատում բռնության ենթարկվածին, ավելին՝ հրաժարվում է օգնել նրան: Մարդիկ գերադասում են հավատալ այն առասպելին, թե իբր Հայաստանն ապահով տեղ է բոլորի համար: Նույնիսկ, երբ կանայք բավականաչափ համարձակություն են ունենում խնդիրը բարձրացնելու համար, հասարակությունը մեղադրում է զոհին, ոչ թե բռնարարին, ինչը կրկնակի հարված է սեռական բռնություն վերապրած կնոջ համար։
Մեզանից մեկը համարձակ որոշում է կայացրել ու դատարան է դիմել՝ այս խնդիրը հանրայնացնելու նպատակով: Նրա նկատմամբ բռնաբարության փորձ և բռնի սեռական գործողություններ են կատարել այն ժամանակ, երբ նա 2018թ. մարտի 1-ին հեծանվով անցնելիս է եղել Վանաձորի մոտակա Գուգարք գյուղով: Իրավապահ մարմինները զոհին վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկատվությունը գաղտնազերծել ու տարածել են ոստիկանության շահերին ծառայող կայքի միջոցով՝ ստանալով «սենսացիոն» հրապարակային նյութ: Մեր պայքարն ուղղված է ոչ միայն բռնարարներին, որոնք մեզ շրջապատում են փողոցում եւ տանը, այլեւ իրավապահ համակարգին: Բռնությունը ԲՌՆՈՒԹՅՈՒՆ է, անկախ այն հանգամանքից, թե ինչ է իմ հագին, որ ժամին և ինչի համար եմ ես գտնվում դրսում… անկախ պրովոկացիայի մասին ունեցած քո պատկերացումներից»: