Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը և ևս 3 անձ։
Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ էր ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Քաղաքացին հաղորդում էր ներկայացրել, որ այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում իրենց երթի ժամանակ դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։ Հիշեցնենք, որ այդ օրերին երթերն անցկացվում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։
Epress.am Լուրեր Հայաստանից