Գլխավոր / Հայաստան / Վրաստանում մտածում են գործազրկության նպաստ սահմանելու մասին

Վրաստանում մտածում են գործազրկության նպաստ սահմանելու մասին

Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիան առաջարկում է դրամական նպաստներ սահմանել երկրի գործազուրկների որոշակի կատեգորիայի համար: Այս մասին կոնֆեդերացիան հայտարարել է «Եվրոպայում գործազրկության ապահովագրություն և Վրաստանի հեռանկար» ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ։

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նպաստները պետք է ստանան վերջին 12 ամիսների ընթացքում աշխատած և աշխատանքը կորցրած քաղաքացիները։ Արհմիությունները կոչ են անում նվազագույն չափով նպաստ սահմանել՝ մոտ 200 լարի (74 ԱՄՆ դոլար):

Աշխատանքը կորցնելուց 6 ամսվա ընթացքում քաղաքացիները յուրաքանչյուր ամիս պետք է ստանան այդպիսի փոխհատուցում, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա»-ն։

Համաձայն արհմիությունների տնտեսական վերլուծաբան Գեորգի Չանտուրիձեի, ծրագիրը պետական բյուջեի համար կարժենա մոտավորապես 48 միլիոն լարի (ավելի քան 17,7 միլիոն դոլար)։ Այս գումարը բավարար է վեց ամսվա ընթացքում 40 հազար մարդու նպաստով ապահովելու համար: Միջին հաշվով մեկ տարում հենց այդքան վրացի կորցնում են իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ, Վրաստանի արհմիությունը հավատում է, որ բոլոր գործազուրկների համար պետությունը պետք է ստեղծի նախապատրաստման և վերապատրաստման ծրագիր։

Այսպիսով, հազարավոր մարդիկ կկարողանան բարելավել իրենց հմտությունները և հնարավորություն ստանան նոր աշխատանք գտնելու համար:

Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների, Վրաստանում գործազրկության մակարդակը կազմում է 11.5%, իսկ միջին աշխատավարձը՝ 1069.1 լարի (ավելի քան 395 դոլար):