Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր խորը վրդովմունքն է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Արմավիրի (Կրասնոդարի շրջան) քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում և կամայականության արտահայտում, որը հակասում է սահմանված օրենսդրական կարգին։
Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ֊ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են միջազգային լարվածության պատճառ դառնալ», – մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ «Արմավիր քաղաքում գտնվող ֆաշիստների հանցակից Գարեգին Տեր֊Հարությունյանի (Նժդեհ) հուշատախտակը սև են ներկել»։ Նոյեմբերի 11-ին լրացավ երկօրյա ժամկետը, որի ընթացքում տեղական իշխանություններն ու «Ռուսաստանի հայերի միությունը» խոստացել էին ապամոնտաժել Գարեգին Նժդեհի հուշաքարը։ Ավելի վաղ պատգամավոր Վինոգրադովը բազմիցս հայտարարել էր, որ հուշադ-տախտակի ապամոնտաժման մասին խոստումները չկատարելու դեպքում ինքն անձամբ հարցը կլուծի։ Նշենք, որ ռուսական ԶԼՄ֊ներում Նժդեհը ներկայացվում է որպես «Հայկական ՍՍ լեգիոնների կազմակերպիչ»։
«Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի մեր մեծաթիվ հայրենակիցների շրջանում։ Դեսպանությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին տեղյակ կպահի Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած վանդալիզմի ակտի մասին։
Բացի այդ, հորդորում ենք Արմավիր քաղաքի իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին։
Տեղի ունեցածը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։ Դեսպանատան ներկայացոցիչները ՌԴ համապատասխան մարմինների հետ մշտական կապի մեջ են», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։