Home / Մեդիա / Մամուլ, որը չենթարկվեց Քոչարյանին․ «Ա1+»-ը վերադառնում է

Մամուլ, որը չենթարկվեց Քոչարյանին․ «Ա1+»-ը վերադառնում է

Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով 2002 թվականին փակված «Ա1+» հեռուստաընկերությունը սկսում է իրավական նոր գործընթաց՝ 17 տարի առաջ իր խախտված իրավունքները վերականգնելու համար։

«17 տարի մենք այս նույն գործընթացի մեջ ենք, և թեթև դադարը, որ եղավ վերջին 3 տարում, չի նշանակում, որ մենք մտադրություն չունեինք շարունակելու, առջևում մրցույթ է սպասվում, որին մենք մտադիր ենք մասնակցել, բայց մասնակցելուց առաջ կուզենայինք բոլոր հարցերի պատասխանները ստանայինք», – դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

«Ա1+»-ը մասնակցել է 7 մրցույթի և 7-ում էլ ստացել է մերժում։ Այդ մերժումները, ըստ տնօրենի, եղել են անհիմն և կարգադրանքի ներքո․ «Կա Ռոբերտ Քոչարյանի դրվագը այս ամենի մեջ, ով մեր պատմության սկիզբը դրեց։ Ռոբերտ Քոչարյանն էր, որ որոշում կայացրեց, որ «Ա1»-ը պետք է զրկվի, և կատարածուները արեցին․․․»։

Մովսեսյանի համոզմամբ, հիմա դաշտը մաքուր է։ «Հանդես գալով որպես «Ա1+»-ի հիմնադիր և ղեկավար՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ավելի կարևոր հարց պետք է բարձրացվի՝ խոսքի ազատության վրա ոտնձգություն ունեցող այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների մասին է խոսքը։ Հիմնականում «Ա1+»-ը հանդիսացավ որպես զսպաշապիկ ամբողջ մամուլի վրա»։

«Ա1+»-ի հիմնադիրը հիշեցրեց, որ հեռուսռաընկերությանը լիցենզիայից զրկման առաջին իսկ օրերից շատ լրատվամիջոցներ հայտարարություն արեցին, որ իրենք համաձայն չեն «Ա1+»-ի դիրքորոշմանը, ինչը նշանակում էր, որ պատրաստ են ծառայել իշխանությանը։

«Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում, և այդ ճանապարհով շարունակեցինք ապրել 17 տարի։ Հիմա ես կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով դատարանում, պատասխան տար նաև մամուլի և խոսքի ազատության հանդեպ իր ոտնձգության համար։ Բոլորը այսօր ինչ-որ բողոք ունեն մամուլից, որ մամուլը իր դերը չի կատարում, բայց որևէ մեկը չի հիշում՝ հիմքը երբ դրվեց և ինչու այդպես ամրապնդվեց»։

«Ա1+»-ի տնօրենի դիտարկամբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը վախի մթնոլորտն էր, որը Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց երկրում։

Հարցին, թե որքանո՞վ է հեռուստաընկերությունը այսօր պատրաստ վերադառնալ եթեր, Մեսրոպ Մովսեսյանն աասաց․ «Առաջին հերթին մենք վստահ ենք մեր ուժերի և թիմի վրա, թիմը ունակ է աշխատել։ Իհարկե, 17 տարվա ընթացքում մենք մաշվեցինք տեխնիկապես, ֆինանսապես, ծանր օրեր ունեցանք, բայց շանսը նա է, որ դատարանը, որը պետք է նայի այս գործը, ճիշտ կգնահատի մեր այս քայլը»։

Հեռուստաընկերության տնօրենն ընդգծում է՝ այսօրվա քայլը որևէ մեկի դեմ չէ, նույնիսկ՝ Ռոբերտ Քոչարյանի, այսօրվա քայլը դատարանների դեմ է, որոնք 17 տարի առանց մտածելու՝ ինչ են անում, գործել են և մամուլը հասցրել են ծանր վիճակի։ «Ես կարծում եմ, որ Կառավարությունը, որը պետք է լուրջ մտածի իր ապագայի մասին, այսօր պետք է ամեն ձև աջակացություն ցուցաբերի, որ այս հարցը ճիշտ լուծում ստանա»։