Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջարկում են Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը․ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն փոփոխություններ են նախաձեռնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում, որոնք, սակայն, չեն արժանացել գործադիրի հավանությանը։
Նախագիծը արժանացել է խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդում է` օրինագիծը ճիշտ պահին է ներկայացվել:
«Պատահական չէ, որ 2007 թվականին ոստիկանությանը զրկել էին գաղտնալսման հնարավորությունից։ 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը: Վերջերս շրջանառության մեջ հայտնվեց նախաքննական մարմնին տրված Ազգային անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի խոստովանական ցուցմունքները, որ Մարտի 1-ի գործով անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթերը։ Եթե ոստիկանությունն այդ ժամանակ ունենար գաղտնալսելու հնարավորություն, ես համոզված եմ, որ նման կեղծումները կլիներ անհնար»,- ասաց Քոչարյանը:
«Ուժային կառույցներում պետք է լինի հակակշիռների մեխանիզմ, այլ դեպքում ունենալու ենք այն, ինչ ունենք», – հավելեց նախագծի հարակից զեկուցող Տիգրան Կարապետյանը
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ի պատասխան հայտարարեց՝ գործադիրն այս պահին դեմ է առաջարկվող օրինագծին։
«Կառավարությունը չի ասում՝ «ոչ», այլ ասում է, որ հատվածական կարգավորմամբ ոստիկանությունն այսօր չի կարող ունենալ գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն: Ասում եք, թե ոստիկանությունը չունի գաղտնալսելու հնարավորություն: Ունի, բայց ինքնուրույն կազմակերպման հնարավորությունն է բացակայում, որն ապագայում՝ համալիր կարգավորումների արդյունքում, հնարավոր է, որ ունենա:
Առանց բարեփոխված ոստիկանություն ունենալու՝ տեղեկատվության արտահոսքի ռիսկերը գնահատե՞լ եք», – նշեց Գալյանը:
Փոխնախարարը հավելեց, որ ապագայում՝ խոշտանգման դեպքերի բացահայտման նպատակով, նախատեսում են գաղտնալսման հնարավորություն տալ նաև Հատուկ քննչական ծառայությանը:
Օրինագծի հեղինակ, ոստիկանության նախկին պաշտոնյա, այժմ՝ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանն փոխնախարարին կոչ արեց չհապաղել և նշեց, որ մշակման փուլում գտնվող՝ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրում համարժեք լուծումներ դեռևս չի տեսել։