Home / Բնապահպանություն / Լիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է – ՀԲՃ

Լիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է – ՀԲՃ

Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը շատ կարևոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև 2019թ դեկտեմբերի 20-ը։ Այս ընթացքում Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ Լիդիանը կարող է իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք։ Հավանաբար, դրանով է պայմանավորված, որ այս օրերին պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն փորձում են համոզել Ամուլսարի պահապաններին թույլ տալ Լիդիանին մտնել տարածք և ձմեռացման աշխատանքներ կատարել՝ չնայած անցած ձմեռ Լիդիանն արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլևս տարածք չի էլ մտել։ 

Իսկ մինչ այդ էլ, Լիդիանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ֆինանսական հաշվետվությունը, որն աուդիտ չի անցել, խոսում է ընկերության դեֆոլտի նախազգուշացումների մասին։ Վերը նշված հաղորդագրության մեջ Լիդիանը շարունակում է նաև սուտ տեղեկություններ գրել, օրինակ՝ իբր ԷԼԱՐԴ ընկերությունն Ամուլսարի ՇՄԱԳ զեկույցներին տվել է դրական եզրակացություն և միայն աննշան տեխնիկական առաջարկներ ներկայացրել, որոնք իբր Լիդիանը մեծամասամբ ընդունել է։

Ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն պարտավոր չէ սխալ տեղեկություններ, թերի ու գիտականորեն չհիմնավորված ՇՄԱԳ ներկայացրած ընկերությանը փրկել դեֆոլտից։ Ավելին՝ պետությունը պետք է հետաքննի ֆինանսական հնարավոր խարդախությունների ու ներդրողներին մոլորեցնելու բոլոր դրվագները և համապատասխան պատժամիջոցներ սահմանի։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ փոստ՝ [email protected]