Home / Բանակ / «Տաքարյուն» հրամանատարը զինվորներին թողեց առանց ամանորյա տուլիկի

«Տաքարյուն» հրամանատարը զինվորներին թողեց առանց ամանորյա տուլիկի

Զինծառայողների ամանորյա ծանրոցները պատուհանից դուրս նետած հրամանատարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, հայտնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ ՊԲ տեղի ունեցած համար հայցում է հանրության ներողամտությունը և խոստանում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար «կատարվածի առթիվ ցուցումներ են տրվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին»։

Ղարաբաղի զորամասերից մեկի հրամանատարը, ով նախորեին երկրորդ հարկի պատուհանից դուրս էր շպրտել զինվորների ընտանիքների ուղարկած ամանորյա ծանրոցները, ՊԲ-ի կարծիքով՝ ցուցաբերել է «անհարկի տաքարյունություն»․


լուսանկարները՝ «Հրապարակ» օրաթերթից

«Զինվորական ծառայության անվտանգության ապահովման և զինծառայողների առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով` սահմանված են այն առարկաներն ու պարենը, որոնց առաքումը զորամաս կտրականապես արգելվում է, այդ թվում արգելվում է նաև ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը:

Ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների  ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից:

Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարի կողմից դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքը տեղ գտած դեպքի կապակցությամբ, վերջինս՝ զորամասի հրամանատարի որոշմամբ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության», – ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրությունում։

Զինվորների փոխանցմամբ, ծանրոցները ոչնչացվել են, «որպեսզի զինվորները ամանորյա մթերքները չբարձրացնեն դիրքեր»։