Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանը ելույթ չի ունենա Դրեզդենի օպերային թատրոնում փետրվարին կայանալիք գալա համերգին։ Այս մասին նախօրեին գրել է ֆրանսիական forumopera.com կայքը։
Համերգը կազմակերպող Semper Opernball ասոցացիան հերքել է այդ տեղեկությունները։ Վերջինի գեղարվեստական ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյը դատապարտել Էյվազովի նկատմամբ մեղադրանքները՝ որակելով դրանք որպես զրպարտանք և անվանարկություն, և հայտարարել, որ 2020 թվականի փետրվարի 7-ին կայանալիք համերգի վերաբերյալ Դրեզդենի օպերային թատրոնը Ռուզան Մանթաշյանի հետ պայմանագիր առհասարակ չի ունեցել, իսկ Յուսիֆ Էյվազովը՝ այլ երգիչների հետ համագործակցելիս, երբևիցե չի առաջնորդվել վերջիններիս ծագումնաբանությամբ։ Հանս-Իոահիմ Ֆրեյը «ենթադրել է», որ տեղի ունեցածը տիկին Մանթաշյանի գործակալի հետ հաղորդակցության ընթացքում սխալ հասկացված լինելու արդյունք է։
Միջադեպին անդրադարձել է նաև ադրբեջանցի տենորը։ Ֆեյսբուքի իր էջում Էյվազովը գրել է․ «Սիրելի ընկերներ, ես ադրբեջանցի եմ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ բացարձակ հստակ պատկերացում և կարծիք ունեմ։ Իմ քաղաքական հայացքները, սակայն, չեն անդրադառնում իմ մասնագիտության և գործընկերների վրա, ինչի վկայությունն է այն փաստը, որ ես բազմիցս Մոսկվայի Մեծ թատրոնի բեմ եմ դուրս եկել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ»։
Յուսիֆ Էյվազովը կոչ է արել չտարածել սադրանքները և հայտարարել, որ «ինչպես և նախատեսված էր ի սկզբանե»՝ SemperOperaball 2020 ինքը մենակ է ելույթ ունենալու։
Ավելի վաղ, սակայն, հայտարարվել էր նաև Մանթաշյանի մասնակցության մասին․ Semper Opernball-ի նույն գեղարվեստական ղեկավարը, օրինակ, նոյեմբերին՝ ՏԱՍՍ գործակալությանը տրված հարցազրույցում նշել էր, որ «երիտասարդ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը» ևս կմասնակցելի 2020 տեղի ունեցող գալա համերգին։ Դրեզդենի ելույթը ներառված էր նաև երգչուհու պաշտոնական կայքում հրապարակված համերգային ծրագրում։
Ինչո՞ւ է վերջին պահին Մանթաշյանի մասնակցությունը չեղարկվել։ Նրա գործակալ Ռենե Մասիսը գնահատականներ չի տալիս, բայցև նշում է՝ ելույթի չեղարկման մասին իրեն հայտնել են հունվարի 12-ին՝ հիմնավորելով դա հենց Յուսիֆ Էյվազովի հրաժարումով։