«Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաք իրականացնող «Կամք» նախաձեռնության անդամները՝ հիմնադիր Վահագն Չախալյանի գլխավորությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին բռնության են ենթարկել Սպիտակի մի խումբ բնակիչների: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տուժածները, սակայն, քննության ընթացքից դժգոհ են։ Նրանց խոսքերով, գործը քննող քննիչը կողմնակալ է և ջանքեր չի գործադրում օբյեկտիվ քննություն իրականացնելու ուղղությամբ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ) իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդմամբ, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և նրա համախոհները ստորագրահավաք էին նախաձեռնել Սպիտակ կենտրոնում՝ մշակույթի տան մոտակայքում:
Ստորագրահավաքին մասնակցել չցանկացող 2 կանանց նրանք փորձել են համոզել ստորագրել: Տեսնելով դա՝ Սպիտակի բնակիչ, 75-ամյա Հրաչիկ Թումանյանը միջամտել է՝ ասելով. «Ինչու՞ եք պարտադրում, եթե չեն ուզում՝ թող չստորագրեն»: Ի պատասխան՝ Վահագն Չախալյանը տարեց տղամարդուն վիրավորել է՝ ասելով «ապուշ», և բռունցքով հարվածել նրա դեմքին: Բռնության է ենթարկվել նաև 70-ամյա Ռուդիկ Դարչինյանը․ բռնության հետևանքով նրա մոտ առաջացել է ծանրալսություն:
Տուժածները պնդում են՝ գործը քննող Սպիտակի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը կողմնակալ է և ակնհայտորեն ջանքեր չի գործադրում՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու ուղղությամբ: Բնակիչները կասկածներ ունեն, որ ամիսներ ձգվող առերեսումները նոր ցուցմունքներ կորզելու միջոցով հին ցուցմունքները փոխելու նպատակ են հետապնդում:
5 ամիս շարունակվող քրեական գործը, քաղաքացիների տեղեկացմամբ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: