Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, 7-ը՝ անձնակազմի։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում։ Պացիենտի բաժանմունքում գտնվող ևս 54 հոգի թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը։ Պատասխանները կլինեն առաջիկայում», – գրել է Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը հայտնել էր վարակի՝ ծերանոց և մանկատուն ներթափանցման դեպքերի մասին նաև։ Զինված ուժերում վարակի տարածման թվերը շարունակում են պահվել գաղտնի։ Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսային հիվանդության դեպք, ըստ պաշտոնական տվյալների, դեռևս չի արձանագրվել։
Մայիսի 31-ի առավոտյան տվյալներով, կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում փաստացի բուժվում է 5 715 մարդ:
Վերջին մեկ օրում արձանագրվել է վարակվածության 355 նոր դեպք, 69 հոգի ապաքինվել է, գրանցվել է մահվան ևս 6 դեպք․ 4-ը՝ կորոնավիրուսից, 2-ն՝ «այլ պատճառներով»։
Ընդհանուր առմամբ մինչ այժմ գրանցվել է վարակվածության 9 282 դեպք, որոնցից 3 386-ն՝ արդեն առողջացած, 181-ը՝ մահվան ելքով․ նրանցից 131-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, 50-ը՝ «այլ պատճառներով»։
Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 58 հազար 65 է: