Վարչապետի աշխատակազմը 2019 թվականին օգտագործել է 14 միլիրարդ 5 միլիոն դրամ՝ հաստատված բյուջեի շուրջ 77 տոկոսը, 15 տոկոսով կամ 3․3 մլրդ դրամով ավելի քիչ, քան նախորդ տարի։
Նախագահի աշխատակազմը 2019 թվականին փաստացի օգտագործել է 1 միլիարդ 452 միլիոն դրամ կամ հաստատված ծրագրի շուրջ 96 տոկոսը: 2018 թվականի համեմատ ծախսերը նվազել են շուրջ 248 միլիոն դրամի՝ 15 տոկոսի չափով։
2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական խորհրդարանական քննարկման ընթացքում այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ջանջուղազյանը ներկայացրել է պետբյուջեից տարբեր գերատեսչություններին 2019 թվականին հատկացված գումարները և փաստացի ծախսերը։ Նախարարի հրապարակած տվյալների համաձայն,
— Ազգային ժողովը 2019 թվականին փաստացի օգտագործել է 5 մլրդ 821 մլն դրամ կամ ճշտված ծրագրի շուրջ 93 տոկոսը։
— Արդարադատության նախարարությանը 2019 թվականի համար հատկացվել է շուրջ 16,9 մլրդ դրամ: Տարվա ընթացքում բյուջեն ճշտվել է․ 3․1 մլրդ դրամ ավելացվել է։ Ճշտված՝ 20 մլրդ դրամ բյուջեն փաստացի օգտագործվել է 96 տոկոսով կամ 19,1 մլրդ դրամի չափով՝ 18 տոկոսով ավելին, քան 2018 թվականին։
— Սահմանադրական դատարանի բյուջեն 2019թ. համար կազմել է շուրջ 725 մլն դրամ էր: Փաստացի օգտագործվել է շուրջ 682 մլն դրամը կամ ծրագրային ցուցանիշի 94%-ը , ինչը 2018 թվականի համեմատությամբ ավել է շուրջ 15 տոկոսով։
— Դատական համակարգը հաշվետու տարում օգտագործել է շուրջ 11․8 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 95․5 տոկոսը՝ շուրջ 33 տոկոսով ավելին, քան 2018 թվականին։
— Դատախազությունը 2019 թվականին օգտագործել է շուրջ 5․4 միլիարդ դրամ․ հատկացված բյուջեի 99 տոկոսը՝ 20 տոկոսով կամ 880 մլրդ դրամով ավելին, քան 2018 թվականին։
— Քննչական կոմիտեի ծախսերի համար օգտագործվել է 8․1 միլիարդ դրամ՝ հաստատված ծրագրի շուրջ 97․2 տոկոսը։ ՔԿ-ի դեպքում ևս ծախսերը 2018 թվականի համեմատ աճել են՝ 32 տոկոսով։
— Հատուկ քննչական ծառայության բյուջեն կազմել է շուրջ 740 միլիոն դրամ, հատկացված բյուջեի շուրջ 98 տոկոսն օգտագորրծվել է։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 11 տոկոս։
— Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեից օգտագործել է 1․1 միլիարդ դրամ՝ հաստատված ծրագրի 98 տոկոսը։
— Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգտագործել է 672 միլիոն դրամ՝ հատկացված ծրագրի 52 տոկոսը։