Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։
Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, որն ավանդապես անցկացվում էր մայիսի 9-ին, կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված չեղարկվել էր և տեղափոխվել հունիսի 24։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին շնորհավորել էր վարչապետ Փաշինյանի ծննդյան տարեդարձն ու հրավիրել մասնակցելու շքերթին։ Նույն օրը Փաշինյանը հայտնել էր կորոնավիրուսով վարակված լինելու, իսկ երեկ՝ ապաքինվելու մասին։
Նիկոլ Փաշինյանը ընդունել է հրավերը, հունիսի 24-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու հետկարատնինյան քաղաքի տոնական շքերթին։ Տեղեկությունը հաստատել է նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Վարչապետից բացի՝ հաղթանակի շքերթին Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն՝ բաղկացած 75 հոգուց: Շարասյունը ծածանելու է Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր հանվել են տեղաշարժի և տնտեսական գործունեության խիստ սահմանափակումները․ քաղաքապետարանը հայտնել է, որ մինչև հունիսի 23-ը տնտեսական գործունեության գրեթե բոլոր փակված ոլորտները կվերագործարկվեն, իսկ հունիսի 24-ին՝ տեղի կունենա հաղթական շքերթը։
Զորահանդեսներ և տոնական միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի 9 «հերոս-քաղաքներում» և 19 քաղաքաներում, որտեղ տեղակայված են ռազմական բազաների շտաբերը։ «Իզվեստիա» թերթի տվյալներով՝ միջոցառումներին կմասնակցի շուրջ 64 հազար մարդ, 1․85 հազար միավոր ռազմական տեխնիկա, 511 ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Համավարակային Ռուսաստանը, հիշեցնեն, պատրաստվում է նաև համապետական Սահմանադրական հանրաքվեին, որով կզրոյացվեն նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետները․ հանրաքվեն, ըստ հայտարարածի, տեղի կունենա հուլիս 1-ին։
Վարակի տարածման տեմպերը մնում էին մտահոգիչ նույնիսկ խիստ սահմանափակումների պայմաններում․ Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով, ըստ պաշտոնական վիճակագրության, զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում։ Օրական արձանագրվում են միջինում 8-10 հազար նոր դեպքեր․ մինչ այժմ հաստատվել է վարակվածության ընդհանուր 485 253 դեպք, որոնցից 242 397-ն՝ արդեն ապաքինված, 6 142-ը՝ մահվան ելքով։ Կան հիմնավոր կասկածներ, որ վիճակագրությունը չի արտացոլում իրականությունը․ ըստ ռուսաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների, վարակակիրների կոնտակտավորները և սիմպտոմներ ունեցող մարդիկ մեծամասամբ չեն թեստավորվում, մահերի զգալի մասը չի արձանագրվում որպես կորոնավիրուսային։