Home / Հայաստան / Պաշտոնանկությունները չեն օգնի, համակարգը կառավարում է Կրեմլը․ Վարուժան Ավետիսյան

Պաշտոնանկությունները չեն օգնի, համակարգը կառավարում է Կրեմլը․ Վարուժան Ավետիսյան

Գլխավոր շտաբի պետի, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի փոփոխությունները խոսում են պետական կառավարման համակարգի ճգնաժամի մասին։ Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կարող ենք փաստել, որ առնվազն նախաքաոսային փուլում ենք գտնվում: Այս մասին երեկ երեկոյան հրապարակված տեսաուղերձում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։ Ըստ նրա՝ կարկատանային միջոցառումները որևէ նշանակություն չեն կարող ունենալ տվյալ ենթահամակարգերի արդյունավետ աշխատանքն ապահովելու առումով։ Ավետիսյանի համոզմամբ՝ այսպիսի քայլերով և դրանց հնչեղություն տալով, Նիկոլ Փաշինյանը փորձում է գոլորշի բաց թողնել, ծածկել այն ռազմավարական համակարգային ձախողումը, որն ինքն ունեցել է իր իշխանության հետ միասին։

«Երկու տարի է անցել այսպես կոչված թավշյա հեղափոխությունից։ Մենք տեսնում ենք, որ առանց ռազմավարական մշակումների, ռազմավարական ծրագրի և դրա հիման վրա իրականացվող համակարգային փոփոխությունների հնարավոր չէ արդյունքների հասնել։ Անկախ այդ պաշտոնատար անձանց անձնական, մասնագիտական որակներից, անկախ այն հանգամանքից՝ նրանք ինչպե՞ս էին վերաբերվում իրենց պաշտոնին՝ ջանադրաբար, թե ոչ․․․ Այսպիսի կարկատանային, կիսատ-պռատ չմտածված քայլերով, որ բնորոշ է գործող իշխանությանը․․․ առաջին անգամը չէ, որ նման քայլեր են կատարվում, ուղղակի այսօր մենք ականատես եղանք երեք քայլի միանգամից, բայց դրանից դրանց էությունը չի փոխվում, շարունակվում է քաոսայնացումը։ Եվ եթե իրապես լուրջ փոփոխություններ չձեռնարկվեն, եթե անցումային տրամաբանությամբ ռազմավարական մշակումներ չիրականացվեն, և այդ մշակումների հիման վրա իրապես համակարգային փոփոխություններ չկատարվեն, ապա մենք կարճ ժամանակ հետո ուղղակի կառավարման փլուզման ականատեսը կլինենք։

Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպիսի քայլերով և դրանց հնչեղություն տալով, գոլորշի բաց թողնել, ծածկել այն ռազմավարական համակարգային ձախողումը, որն ինքն ունեցել է իր իշխանության հետ միասին։ Ըստ էության, ժամանակ է շահում, թե ինչ ժամանակ և ինչի համար է շահում, ես արդեն համոզված եմ, որ ինքն էլ չգիտի։ Կա միայն մեկ ճանապարհ․ ընդունել այն առաջարկությունը, որ անհրաժեշտ է հակաճգնաժամային, անցումային կառավարման դիմել, կազմել հակաճգնաժամային, անցումային կառավարություն, որն արդեն համապատասխան անցումային ծրագրի հիման վրա երկիրը կհանի այս խորը, աղետի սահմանին մոտեցող ճգնաժամից։

Ուրիշ տարբերակ չկա․ նախկինի և ներկայի միջև պայքարի դաշտում պետությունը և ժողովրդին պահելը կտանի ժողովրդի ամբողջականության վերջնական քայքայման և պետականության կորստի։

Պայքարը պետք է լինի ապագայի համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, նախ, ապահովել պետության կենսունակությունը, առաջնահերթ ոլորտների նվազագույն անվտանգություն՝ պաշտպանական ոլորտի, առողջապահական ոլորտի, պարենային ոլորտի, էներգետիկ ոլորտի, իհարկե։

Տեսնում ենք՝ ինչ է կատարվում․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ իրենց կարծիքով էլ, պետք է գազի սակագինը որոշակիորեն բարձրանա։ Ազգային դավաճանության ուրիշ, ավելի ցցուն դրսևորում մենք չենք տեսել։ Ամբողջ աշխարհում էներգակիրների գները բազմապատիկ անգամ ընկել են, իսկ մոսկվահպատակ այս բացահայտ և թաքուն չեկիստները մեզ փորձում են համոզել, որ ուրիշ գին չի կարող լինել, դեռ մի բան էլ պետք է բարձրացվի։

Չի՛ կարելի հանդուրժել այսպիսի վիճակ։ Մինչդեռ, պարոն Փաշինյանը փորձում է ժողովրդի մեջ հասունացող զայրույթը պարպել այս կամ այն պաշտոնյային ազատելով, նրա փոխարեն ուրիշին նշանակելով։ Հասկանլի է, որ նա փորձում է նաև իր անձնական իշխանությունը մասամբ ամրապնդել՝ իբրև թե իրեն վստահելի մարդկանց նշանակելով, առանց հասկանալու, որ այս կիսագաղութային համակարգի, պետական կառավարման ապարատի վերին օղակում չի կարող լինել վստահելի վիճակ։ Որովհետև պարոն Փաշինյանն ամբողջությամբ չի վերահսկում համակարգը, համակարգը կառավարում է Կրեմլը, կա խորքային պետություն՝ Կրեմլին ենթարկվող, և նա ցանկացած պահի կարող է և՛ սաբոտաժ անել, և՛ տարբեր հատուկ գործողություններով չեզոքացնել բոլոր դրական միտումները, որ այսքան ժամանակ արել է․․․

Զուր են այս բոլոր ջանքերը․ կա՛մ ընդունվում է ազգային ժողովրդավարական բևեռի ծրագիրը, կա՛մ մենք, ցավոք սրտի, ականատես ենք լինում փլուզումային զարգացումների, որից հետո արդեն ժողովուրդը՝ իր նորովի սուբյեկտացմամբ, պետք է իր խոսքն ասի, ուղիղ ժողովրդավարության միջոցով իր ձեռքը վերցնի պետության ղեկը, այնուհետև ձևավորի իր կառավարման մարմինները։

Ցավոք սրտի, եթե պարոն Փաշինյանն ուշքի չգա, մենք գնում ենք այդ ճանապարհով։ Բայց արդեն կա այն բանի գիտակցումը, որ հողը ոտքերի տակից գնում է՝ գործող իշխանության։ Միգուցե, ամենավերևում մի քանի հոգի դա գիտակցում է․․․

Եթե այդ մարդիկ, ինչը շատ հնարավոր է, դավադրության մասնակիցներ չեն, որոնց հայտնի է պլանը, թե ինչ պետք է արվի, ապա, նայելով կազմին, ես այնտեղ չեմ տեսնում մարդկանց, որոնք կարող են մտքի այդպիսի ռազմավարական ընդգրկում ունենալ», – հայտարարել է Ավետիսյանը։

https://www.facebook.com/sasnatzrer/videos/2644896865778225/