Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար», – գրել է Փաշինյանը։
Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջակությունը` պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուրադ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին։
Պաշտոնանկություններն, ըստ ամենայնի, պայմանավորված է այդ թվում նաև երեկ տեղի ունեցած հարսանյաց արարողությամբ․ համավարակային ճգնաժամի, վարչապետի նախաձեռնած՝ «Հանրային վերահսկողության ֆլեշմոբի» ֆոնին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ամուսնացնում էր իր որդում․ երեկ տեղի ունեցած հարսանիքին, ըստ շրջանառվող տեղեկությունների, ներկա էր նվազագույնը 100 հոգի, այդ թվում՝ մի շարք պետական պաշտոնյաներ։ Գեներալ-լեյտենանտն այսօր հանդես էր եկել պարզաբանմանբ՝ կարծիք հայտնելով, թե համավարակի պիկին 100 հոգանոց հարսանիք կազմակերպելը կանոնների խախտում չէ, և կոչ անելով չմտնել իր և իր ընտանիքի անձնական տարածք։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Օնիկ Գասպարյանը 2017 թվականից զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Ագիշտի Քյարամյանը 2020 թվականի մայիսի 5-ից զբաղեցնում էր ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը։ Հեղափոխությունից հետո հասցրել է լինել ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչության պետ, ՊԵԿ հետաքննության վարչության պետ, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ, ՊՎԾ ղեկավարի օգնական, ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար, մեկ օրով՝ նույնիսկ ՔԿ նախագահի տեղակալ։
Վահե Ղազարյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում էր Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: 2019 թվականի մայիսի 22-ին նշանակվել էր Ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում: